Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի արձագանքել հայերի կողմից Դադիվանքից 13-րդ դարի խաչքարեր և սրբապատկերներ հանելու՝ Ադրբեջանի բողոքներին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի արձագանքել հայերի կողմից Դադիվանքից 13-րդ դարի խաչքարեր և սրբապատկերներ հանելու՝ Ադրբեջանի բողոքներին
Միջազգային
14:00, 03 декабрь 2021
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը APA գործակալության հետ զրույցում ասել է, որ հայերի կողմից  Դադիվանքից  կրոնական-պատմական արտեֆակտները և սրբապատկերները վերցնելու համար անցյալ տարվանից դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը, սակայն, մինչ օրս չի արձագանքել նրանց: 

«Հայերը անօրինական կերպով վերցրել են 13-րդ դարի սրբապատկերներ, մի քանի կրոնական-պատմական արտեֆակտ, ինչպես նաև երկու ֆրեսկա:  Անցյալ տարի հայերի՝ Քարվաճառից հեռանալուց անմիջապես հետո մենք նամակ գրեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն, ցավոք, նրանց կողմից այդ հարցերին արձագանք չկա, պատասխան չենք ստացել արդեն մեկ տարի է»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ հետաքրքիրն այն է, որ հայերը չեն էլ թաքցնում դա:

«Մենք այնտեղ փաստերով ցույց տվեցինք, որ որմնանկարները հանվել են պատերից, վերցվել են սրբապատկերները: Հետաքրքիրն այն է, որ հայերը չեն էլ թաքցնում դա, ինչը միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցիչներից մեկն է: Մենք դա արտացոլել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակում, սակայն, ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ոչ մի արձագանք: Ինչպես նաև Խուդավանգ (Դադիվանք-խմբ.) վանքի հետ կապված որևէ արձագանք չկա: Դրա համար կան մի քանի պատճառներ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկակի ստանդարտները՝ գտնվելով հայկական լոբբիի ազդեցության տակ, և այլ պատճառներ, սակայն արդյունքում մեր դիմումներին իրական արձագանք չի տրվել»,- ասել է նախարարը:

Սյուզի Սիրականյան