Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուս տղաները նույնպես կվերադառնան դագաղների մեջ»․ Ուկրաինայի Պաշտպանության նախարարը զգուշացնում է, որ «արյունալի կոտորած» կլինի, եթե Ռուսաստանը ներխուժի. CNN

«Ռուս տղաները նույնպես կվերադառնան դագաղների մեջ»․  Ուկրաինայի Պաշտպանության նախարարը զգուշացնում է, որ «արյունալի կոտորած» կլինի, եթե Ռուսաստանը ներխուժի. CNN
Միջազգային
16:20, 07 декабрь 2021
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին ասել է, որ «իսկապես արյունալի կոտորած» կլինի, եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա, և զգուշացրել է, որ «ռուս տղաները նույնպես կվերադառնան դագաղների մեջ»։

Ռեզնիկովը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով երեքշաբթի օրը տեսակոնֆերանսի ժամանակ պետք է խոսեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վճռական կերպով «կանգնել Մոսկվայի դեմ»:

«Եթե ես կարողանամ նախագահ Բայդենին խորհուրդ տալ, ապա կցանկանայի, որ նա պարոն Պուտինին ասեր, որ Կրեմլի կողմից կարմիր գծեր չպետք է լինեն այստեղ: Կարմիր գիծն այստեղ է՝ Ուկրաինայում, և քաղաքակիրթ աշխարհը կարձագանքի դրան՝ առանց վարանելու», -երկուշաբթի՝ բացառիկ հարցազրույցում, CNN-ին ասել է Ռեզնիկովը:

CNN-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի և արևմտյան պաշտոնյաները մտահոգություն են հայտնել ուկրաինական սահմանին ռուսական զորքերի կուտակման կապակցությամբ, իսկ պետքարտուղար Անտոնի Բլինկենն անցյալ շաբաթ ասել է, որ ԱՄՆ-ն «պետք է պատրաստվի բոլոր պատահարներին»: 

Ռեզնիկովը CNN-ին ասել է, որ Ուկրաինայի գնահատմամբ, Ռուսաստանը ներկայումս ունի 95․000 զինծառայող՝ Ուկրաինայի սահմանին բավական մոտ հեռավորության վրա։ 

Ռեզնիկովն ընդգծել է, որ ռուսական ներխուժումը, եթե տեղի ունենա, «աղետալի» հետևանքներ կունենա ամբողջ եվրոպական մայրցամաքի համար, և մոտ 4-5 միլիոն ուկրաինացիներ, հավանաբար, ապաստան կփնտրեն Եվրոպայում: 

Ռեզնիկովը նաև ընդգծել է, որ Ուկրաինան պարենամթերքի հիմնական մատակարարն է՝ դեպի Եվրոպա և Աֆրիկա, որոնց մատակարարումները նույնպես կխաթարվեն։