Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փորձ է արվում տարբեր ձևակերպումների լույսի ներքո մատուցել և արդարացնել ուժի կիրառումը»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Աշխաբադում ՀԱՊԿ 3 երկրների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորանքի մասին

«Փորձ է արվում տարբեր ձևակերպումների լույսի ներքո մատուցել և արդարացնել ուժի կիրառումը»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Աշխաբադում ՀԱՊԿ 3 երկրների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորանքի մասին
Միջազգային
13:00, 09 декабрь 2021
Նոյեմբերի 28-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով, անդամ պետությունների ղեկավարներն ընդունեցին ամփոփիչ հռչակագիր՝ «Գործողությունների Աշխաբադյան կոնսենսուսը», որտեղ կետերից մեկում կազմակերպության անդամ երկրները շնորհավորում են Ադրբեջանին՝ Արցախյան 2-րդ պատերազմում կրած հաղթանակի կապակցությամբ։ 

Կազմակերպության անդամներից են նաև Հայաստանի հետ տնտեսական (ԵՏՄ) և անվտանգային (ՀԱՊԿ) դաշինքում գտնվող ու պայմանագրային դաշնակից համարվող երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Այս երկրներին միացել է նաև մեր հարավային հարևան Իրանը։

Հռչակագրի այդ կետում, մասնավորապես, ասվում է․ «Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ «օկուպացված տարածքների ազատագրման ու տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ», և հաստատապես հավատում, որ իրադարձությունների նման զարգացումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության ու տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով»։

Բացի այդ, կոչ է արվում կազմակերպության անդամ-երկրներին՝ ուսումնասիրել «Ադրբեջանի ազատագրված տարածքներում» վերականգնման ու վերակառուցման ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները։

Այս մասին Civic.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Արտաքին գործերի նախարարություն։  Մեր այն հարցին, թե՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ նախագահող երկիրն այժմ Հայաստանն է, և ՀԱՊԿ անդամ երկրներից Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը շնորհավորել են Ադրբեջանին՝ «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ, արդյոք Հայաստանը չի՞ պատրաստվում բողոքի նոտա հղել՝ այս առթիվ, ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը պատասխանել է․ 
«Հայկական կողմն ուշադրությամբ հետևում է այն հրապարակային մեկնաբանություններին և հայտարարություններին, որոնցում փորձ է արվում տարբեր ձևակերպումների լույսի ներքո մատուցել և արդարացնել ուժի կիրառումը, որն ինքնին միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Վստահ ենք, որ դա չի նպաստում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի դեէսկալացիային»։ 

Պարոն Բեջանյանը հավելել է, որ նման դրսևորումները պետք է լուրջ վերլուծութան առարկա լինեն՝ նաև փոխադարձ պարտավորությունների տեսանկյունից, որոնք բխում են երկկողմ իրավական կարգավորումներից և մեր երկրների՝ այս կամ այն կազմակերպությունում անդամակցության իրողությունից, ինչպես նաև նշել է, որ  հայկական կողմի այս դիրքորոշումը տարբեր ձևաչափերով հստակորեն փոխանցվել է բոլոր գործընկեր երկրներին:

Մեր այն հարցին, թե Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն  Աշխաբատում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին, մասնավորապես՝ Իլհամ Ալիևն ասել է, որ  «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում», պարոն Բեջանյանը նշեց, որ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված՝ տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը եւ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը։

Սյուզի Սիրականյան