Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովը․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովում ելույթ կունենա վաղը

«Հանուն ժողովրդավարության» համաժողովը, որը  նախաձեռնվել էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից, մեկնարկել է այսօր: Համաժողովի հրավիրյալների թվում է նաև Հայաստանը։ 

ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովի շրջանակներում պատրաստվում է ելույթ ունենալ՝ ժողովրդավարության թեմայով։ Ելույթը տեղի կունենա վաղը։

«Հանուն ժողովրդավարության» համաժողովը տեղի է ունենալու առցանց, դեկտմեբերի 9-10ը։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի ներկայացուցիչներ։ Հրավիրյալների թվում է նաև Հայաստանը և Վրաստանը։ Հրավիրյալների ցուցակում չկան Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան,  և մի շարք այլ երկրներ։ 

Համաժողովի առաջին օրը քննարկելու են ժողովրդավարություններին սպառնացող վտանգները հաղթահարելու ուղիները, փորձելու են համատեղ ձևավորել ժողովրդավարության վերականգնման օրակարգը։

Օրակարգի երեք հիմնական հարցերն են՝ ինչպես դիմակայել ավտորիտարիզմին, պայքարել կոռուպցիայի դեմ ու առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։

Համաժողովը Ջո Բայդենի նախընտրական խոստումներից է՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին փորձելու վերականգնել և ամրապնդել ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ համաշխարհային առաջնորդներին կառաջարկվի հայտարարել «հստակ միջոցառումների և պարտավորությունների մասին՝ ներքին իմաստալից բարեփոխումներ իրականացնելու համար», որոնք կխթանեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

Սյուզի Սիրականյան