Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների զարգացմանը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների զարգացմանը
Միջազգային
11:03, 15 декабрь 2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը հայտարարություն է տարածել Բրյուսելում դեկտեմբերի 14-ին իր միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։

Հայտարարությունը թարգմանաբար՝ ստորև։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ քննարկելու Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացող իրավիճակը և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:

Նախագահ Միշելը երկու առաջնորդներին վստահեցրել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը հակամարտության հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով համագործակցության և վստահության մթնոլորտի ստեղծման գործում, որն ի վերջո պետք է ամրապնդվի համապարփակ խաղաղ համաձայնագրով: Բոլոր երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հաստատել են, որ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, և որ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո լարվածության թուլացում ապահովելու համար: Մասնավորապես, հաջող է ճանաչվել երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատումը՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է օգնել կանխել ապագա միջադեպերը և դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով դաշտային լարվածության թուլացմանը:

Նախագահ Միշելն ընդգծել է, որ մարդասիրական առանցքային հարցերի լուծումը վճռորոշ նշանակություն ունի: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից տասը հայ բանտարկյալների ազատ արձակումն ու մնացած բոլոր քարտեզների հանձնումը: Նա կոչ է արել բոլոր չլուծված մարդասիրական հարցերը, ինչպիսիք են մնացյալ ձերբակալվածների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի խնդրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանը և օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության և հաշտեցման առաջընթացին: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում ՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման և հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման և վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցներին:

Առաջնորդները քննարկել են ԵՄ-ի և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերային հարաբերությունները: Նրանք նաև քննարկել են վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնման համար տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրությունը:

Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը համակարծիք էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել տեղում լարվածությունը նվազեցնելու համար՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար: Նախագահ Միշելը կոչ է արել ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին ակտիվ բարեխղճորեն մասնակցել և աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է: ԵՄ-ն փորձագետների առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի աջակցության համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու միջոցով:

Նախագահ Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի, մասնավորապես, Հարավային Կովկասում կապի ենթակառուցվածքի վերականգնման կարևորությունը՝ լիովին հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային գծերի վերականգնմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել հաղորդակցության ուղիների զարգացմանը՝ ըստ իր տնտեսական և ներդրումային ծրագրի: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը կարող է նաև աջակցել այս գործընթացին:

Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել համագործակցել»։

Թարգմանությունը՝ civilnet.am