Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը պատասխան քայլերի մի շարք տարբերակներ է դիտարկում՝ ուղղված Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զինուժի տեղակայմանը

Կրեմլը պատասխան քայլերի մի շարք տարբերակներ է դիտարկում՝ ուղղված  Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զինուժի տեղակայմանը
Միջազգային
16:02, 20 декабрь 2021
Դիտարկվում են Ռուսաստանի կողմից հնարավոր պատասխան քայլերի բազմազան տարբերակներ՝ իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զինուժի տեղակայման դեպքում։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման հնարավորության մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ, իհարկե, մեր սահմաններին  (ՆԱՏՕ-ի) տարբեր տեսակի զենքերի տեղակայումը, որը կարող է վտանգ ներկայացնել մեզ համար, կպահանջի համապատասխան քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը հավասարակշռելու համար։ Այստեղ հնարավոր են տարբեր տարբերակներ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստ է միջուկային զենք տեղակայել ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքի դեպքում։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ նշել էր, որ Մինսկը Մոսկվային կառաջարկի նման միջոցներ ձեռնարկել, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը միջուկային զենք տեղակայի Լեհաստանում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ին կոչ է արել սկսել առարկայական բանակցություններ՝ Ռուսաստանին անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ տրամադրելու նպատակով։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ են հենց իրավական երաշխիքներ, քանի որ ավելի վաղ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։