Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ՌԴ-ին՝ զորքերը հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ՌԴ-ին՝ զորքերը հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից
Միջազգային
17:50, 23 декабрь 2021
Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել Ռուսաստանին՝ կաթոլիկների Սուրբ Ծննդի նախօրեին դուրս բերել զորքերը Ուկրաինայի սահմանից և դրանով իսկ նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։ Մոսկվան հնարավորություն ունի ապահովելու բոլոր շահագրգիռ կողմերի համար խաղաղ և հանգիստ արձակուրդային շրջան, դեկտեմբերի 23-ին dpa գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա՝ խոսքը ռուս-ուկրաինական սահմանի մոտ կենտրոնացած տասնյակ հազարավոր զինվորականների մասին է։ Ռուսաստանն արդեն ագրեսիայի է դիմել Ուկրաինայի դեմ 2014 թվականի գարնանը Ղրիմի թերակղզու անեքսիայի ժամանակ, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա առանձնահատուկ շեշտել է ուժերի կուտակման մասշտաբները և դրա դադարեցման կամ դանդաղեցման նշանների բացակայությունը։ Ստոլտենբերգը չի պարզաբանել՝ արդյո՞ք ռուսական զորքերի տեղաշարժը դիտարկում է որպես անվտանգության հարցերով Դաշինքից զիջումներ ստանալու փորձ Մոսկվայի կողմից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել խոսել Մոսկվայի հետ «անվտանգության երաշխիքների» պահանջների լույսի ներքո։ Միաժամանակ, Դաշինքի ղեկավարը հերքել է առանձին պետությունների՝ ՆԱՏՕ-ի կազմ հնարավոր չընդունելու մասին գաղափարները։

«Մենք չենք կարող կասկածի տակ առնել բոլոր դաշնակիցներին պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի իրավունքը, ինչպես նաև այն հիմնական սկզբունքը, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրելու իր ուղին»,- ասել է Ստոլտենբերգը։

«Ռուսաստանի դիրքորոշումը՝ որոշելու, թե ինչ կարող են կամ չեն կարող անել իր հարևանները, նշանակում է վերականգնել «ազդեցության ոլորտներ» հասկացությունը։ Սա բացարձակապես հակասում է այն ամենին, ինչը սառը պատերազմի ավարտից ի վեր ապահովել է խաղաղություն և կայունություն Եվրոպայում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: