Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վրաստանի համար «3+3» ձևաչափի մասնակցության դուռը միշտ բաց է լինելու»․ Զախարովա

«Վրաստանի համար «3+3» ձևաչափի մասնակցության դուռը միշտ բաց է լինելու»․ Զախարովա
Միջազգային
17:15, 24 декабрь 2021
Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի բոլոր մասնակիցներն իրենց հետաքրքրությունն են հայտնել՝ Վրաստանի մասնակցությանը։ Թբիլիսիի համար ձևաչափին միանալու դուռը միշտ բաց է մնում։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցության հարցին և հակասություններին, ապա, ինչպես գիտեք, դեկտեմբերի 10-ին՝ հարթակի առաջին հանդիպմանը, բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, միաձայն արտահայտեցին իրենց շահագրգռվածությունը այս ձևաչափին Թբիլիսիի մասնակցության կապակցությամբ, համաձայնեցին, որ Վրաստանի համար միշտ դռները բաց կմնան»,- նշել է Զախարովան։

Հիշեցնենք՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը, ըստ նախատեսվածի, պետք է ներառի Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Վրաստանն ի սկզբանե հրաժարվել է մասնակցել այս ձևաչափին։

«Սա, իմ կարծիքով, խոսում է այն մասին, որ այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահագրգռվածությունը՝ համատեղ աշխատանքը շարունակելու և գործնական փոխգործակցություն հաստատելու հարցում, շատ մեծ է։ Հաջորդ հանդիպման վայրի և բովանդակության մասին պայմանավորվածությունը տեղի է ունենում արտաքին գործերի նախարարությունների միջոցով։ Մենք ելնում ենք նրանից, որ առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա, այդ թվում՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային հարցեր,  հումանիտար կապերի զարգացում, պայքար ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ»,- ընդգծել է Զախարովան։