Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2,6 միլիարդ եվրոն, Հայաստանն ու Ֆրանսիան

2,6 միլիարդ եվրոն, Հայաստանն ու Ֆրանսիան
Միջազգային
11:51, 04 январь 2022
Ֆրանսիան 2020 թվականին ստանձնել է Եվրամիության նախագահությունը: Այդ տեղեկությունը ուշադրության է արժանացել նաև Հայաստանում, հայ-ֆրանսիական հարաբերության առանձնահատկության, Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի քաղաքական ղեկավարների, քաղաքական գործիչների ջերմ վերաբերմունքի շնորհիվ: Ըստ այդմ հաճախ է հնչում հարց, թե Հայաստանի համար ինչ շահեկան հեռանկար կապահովի Ֆրանսիայի նախագահությունը: Պետք է ասել, որ չափազանցված սպասումները տեղին չեն: Ֆրանսիան Հայաստանի համար առանձնահատուկ երկիր է, առանձնահատուկ վերաբերմունքով, սակայն Եվրամիության նախագահողի կարգավիճակը չի նշանակում որևէ հատուկ դեր կամ արտոնություն որոշումների կայացման կամ ընդհանուր քաղաքականության ձևւավորման իմաստով:

Հետևաբար, Ֆրանսիայի նախագահող լինելու հանգամանքը պետք է օգտագործել առավելագույն արդյունավետությամբ, սակայն զրոյական պատրանքով:

Ընդհանրապես, Հայաստան-ԵՄ հարաբերության իմաստով 2022 թվականի համար Հայաստանի գերխնդիրը անշուշտ ֆինանսական մեծ փաթեթի՝ 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության հեռանկարի քաղաքական իրացումն է: Այդ հնգամյա օժանդակության փաթեթը ներառում է տնտեսական և ռազմավարական կարևոր ուղղություններ, որոնք ապահովելու դեպքում Հայաստանը կունենա նաև քաղաքական մեծ էֆեկտ: Ֆրանսիան այդ գործում Հայաստանի համար կարևոր գործընկեր է, սակայն հասկանալիորեն չի կարող լինել միակը, հաշվի առնելով այն, որ Եվրամիությունը մոտ երեք տասնյակ երկրների միավորում է, որոնք ունեն ռազմավարական պատկերացումների ընդհանրություն, սակայն նաև շոշափելի տարբերություններ:

Եվրամիության օժանդակության փաթեթը նախատեսված է Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների համար: Տարեվերջին Ռուսաստանից վերստին բավականին կոշտ հայտարարություններ հնչեցին այդ ծրագրի վերաբերյալ, այն շեշտադրումով, որ ծրագիրը Ռուսաստանի դիրքերը թուլացնելու միտված նախագիծ է: Այդ առումով, Հայաստանի համար առկա են թե նոր, թե ավանդական մարտահրավերներ Ռուսաստանից, որոնք չեզոքացնելը անհրաժեշտություն է լինելու Եվրամիության ֆինանսական փաթեթը կյանքի կոչելու համար: Այդ իմաստով, ի դեպ, Ֆրանսիան կարող է Երևանի համար կարևոր գործընկեր լինել հենց այդ առումով, հաշվի առնելով ֆրանս-ռուսական հարաբերությունն ու մասնավորապես նաև Պուտին-Մակրոն հաճախակի շփումները:

Աղբյուր՝ 1in.am