Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պետք է համագործակցի կողմերի հետ՝ կրկնապատկելով Մինսկի խմբի մասնակցության ջանքերը․ Բայդենի ստորագրած օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ

ԱՄՆ-ը պետք է համագործակցի կողմերի հետ՝ կրկնապատկելով Մինսկի խմբի մասնակցության ջանքերը․ Բայդենի ստորագրած օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ
Միջազգային
15:00, 04 январь 2022
Սպիտակ տան հաղորդմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, այդ թվում այն, որ հակամարտող կողմերը պետք է հավատարիմ մնան 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններին, որոնց մեջ է մտնում գերիների եւ գերեւարված քաղաքացիական բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը:

Օրենքի 1302 մասում ներկայացված է Հայ-ադրբեջանական հակամարտության մասին հաշվետվություն․

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո պաշտպանության նախարարը, խորհրդակցելով դաշնային այլ գերատեսչությունների և ղեկավարների հետ, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ.-ի հակամարտության մասին համապատասխան հաշվետվություն»:

Ըստ օրենքի հաշվետվությունը պետք է ներառի 2020 թվականի հակամարտության ընթացքում կիրառված Միացյալ Նահանգների ռազմական համակարգերի կամ վերահսկվող տեխնոլոգիական միջոցների գնահատականը, այդ թվում նման միջոցների արտադրության մասին տեղեկություններ.

«Հակամարտության ընթացքում օտարերկրյա դերակատարների, այդ թվում ռազմական գործունեության, ազդեցության գործողությունների, օտարերկրյա ռազմական վաճառքների և օտար երկրների դիվանագիտական ներգրավվածության, ինչպես նաև`հակամարտության կողմերի կամ օտարերկրյա դերակատարների կողմից օտար զինյալների կամ ռազմական կազմակերպությունների հավաքագրելու մասին նկարագրություն: Ներկայացվող նկարագրությունն անհրաժեշտության դեպքում պետք է ներառի գաղտնի հավելումներ»։

Հաշվետվությունում պետք է տեղ գտնի նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ցանկացած խախտում, այդ թվում` ռազմագերիների կամ գերված քաղաքացիական անձանց մասին, նաև ցանկացած այլ հարց, որը նախարարը նպատակահարմար է համարում.

Հրապարակվել է նաև Կոնգրեսի դիրքորոշումը։ Կոնգրեսը գտնում է, որ հակամարտող կողմերը պետք է հավատարիմ մնան 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններին, որոնց մեջ է մտնում գերիների եւ գերեւարված քաղաքացիական բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը, հակամարտող կողմերը պետք է ձեռնպահ մնան դիվանագիտական նպատակներին հասնելու համար ուժի եւ սպառնալիքների կիրառումից։

«Միացյալ Նահանգները պետք է համագործակցի հակամարտության կողմերի հետ, կրկնապատկելով Մինսկի խմբի մասնակցության ջանքերը` հստակեցնելու համար այս պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը և զարկ տալու համար դիվանագիտական առաջընթացին»,- ասված է որոշման մեջ։

Չնայած այն բանին, որ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թիվ 4350 օրինագծում կոնգրեսի շարադրված եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ ավելի հասցեական բնույթ էին կրում և մատնանշում էին ագրեսոր և եռակողմ հայտարարության պայմանները խախտող կողմին, այնուամենայնիվ, սույն օրենքը պարունակում է նաև կարևոր և սկզբունքային դրույթներ, որոնք ներկայացնում են Հայաստանի և Արցախի շահերը: