Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները, սակայն բաց է հետագա բանակցությունների համար

Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները, սակայն բաց է հետագա բանակցությունների համար
Միջազգային
10:57, 11 январь 2022
Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու հարցով, Ժնևում մոտ 8 ժամ տևած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումից հետո երեկ հայտարարել է ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը։

Ամերիկացի պաշտոնյան միևնույն ժամանակ շեշտել է, որ չնայած տարաձայնություններին՝ Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների համար։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի և լրագրողների հարցուպատասխանը հրապարակել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Ամերիկյան կողմը «կտրականապես» դեմ է այն առաջարկներին, որոնք Արևմուտքն անընդունելի է համարում, ըստ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքջում հրապարակված հաղորդագրության՝ ասել է Շերմանը։ «Մենք թույլ չենք տա որևէ մեկին հակազդել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, ինչը դաշինքի համար միշտ կարևոր է եղել։ Մենք չենք հրաժարվի երկկողմ համագործակցությունից ինքնիշխան պետությունների հետ, որոնք ցանկանում են աշխատել Միացյալ Նահանգների հետ, և չենք ընդունի որոշումներ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի, Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի, կամ ՆԱՏՕ-ի մասին՝ առանց ՆԱՏՕ-ի», - ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը կրկին հայտարարել է՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը Մոսկվայի համար անհետևանք չի մնա։ «Եթե Ռուսաստանը է՛լ ավելի ներխուժի Ուկրաինա, ապա այդ գործողությունների գինը և հետևանքները շատ ավելի հեռուն կգնան, քան եղել է 2014 թվականին։ Դրանք կներառեն ֆինանսական պատժամիջոցներ, որոնք կհարվածեն, ինչպես հայտարարվել է, առանցքային ֆինանսական ինստիտուտներին, արտահանման վերահսկողության ոլորտին, արդյունաբերության կարևոր ճյուղերին, կավելացվի ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը դաշինքի անդամ երկրների տարածքում, ինչպես նաև Ուկրաինային հատկացվող օգնությունը անվտանգության ոլորտում», - մանրամասնել է Ուենդի Շերմանը։

Մոսկվան շարունակում է հերքել՝ «Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա, հետևաբար՝ այդ հարցն առևտրի առարկա չէ», - Ժնևում հայտարարել է ռուս-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումներում ռուսական կողմը ներկայացնող փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամերիկյան կողմը շատ լրջորեն է մոտեցել ռուսական առաջարկներին, դրանք խորությամբ ուսումնասիրել է», - կարծիք է հայտնել Ռյաբկովը՝ հավելելով, որ ռուսաստանյան պատվիրակությունը բացատրել է, թե ինչու Հյուսիսատլանյան ռազմական դաշինքի հետագա ընդլայնման կանխումը հրամայական է Ռուսաստանի համար։ Բայց այդ հարցում առաջընթաց չկա, արձանագրել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը՝ շեշտելով, որ մյուս հարցերի լուծումը կախված կլինի հենց այդ հարցում առաջընթացից։

Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումները տեղի են ունենում Ուկրաինայի սահմաններին տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինվորականների և մեծաթիվ զինտեխնիկայի կուտակումների ֆոնին։ Արևմուտքը մտավախություն ունի, որ 2014 թվականին Ղրիմը բռնակցած, ապա Ուկրաինայի կառավարական բանակի հետ պատերազմող անջատականներին աջակցելուց հետո Մոսկվան այժմ էլ կարող է Ուկրաինա ներխուժել։ Ռուսաստանը շարունակաբար հերքում է այդ կասկածները և պահանջների ցանկ է ներկայացրել, պնդելով՝ Արևմուտքը պետք է երաշխիքներ տրամադրի Մոսկվային առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը:

Ռուսական կողմի պահանջների շուրջ Ժնևում տեղի ունեցած հանդիպումը Մոսկվայի և և արևմտյան երկրների միջև առաջին հանդիպումն է։ Հունվարի 12-ին Բրյուսելում տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ շրջանակում բանակցություններ:

Ժնևյան քննարկումներին զուգահեռ՝ Բրյուսելում նախօրեին կայացել է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը, որի մեկնարկին կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացմանը՝ դաշինքը մտադիր չէ իր դռները փակել Ուկրաինայի համար։ «Կիևն իրավունք ունի պաշտպանվելու, և ՆԱՏՕ-ն այդ հարցում կօգնի նրան», - հայտարարել է Ստոլտենբերգը։

Աղբյուր՝ azatutyun.am