Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն հույս ունի շարունակել Ադրբեջանի հետ բարձր մակարդակի երկխոսությունն ու համագործակցությունը

ՆԱՏՕ-ն հույս ունի շարունակել Ադրբեջանի հետ բարձր մակարդակի երկխոսությունն ու համագործակցությունը
Միջազգային
13:33, 18 январь 2022
ՆԱՏՕ-ն հույս ունի ապագայում շարունակել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և լայն գործնական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Այս մասին ադրբեջանական «Թրենդ»-ին հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքից։

«Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան տարածաշրջան կատարած իր վերջին այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ժամանակ դիտարկվել են ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցերը, այդ թվում՝ «Պլանավորման ու վերլուծության գործընթացը» ծրագրի շրջանակում ադրբեջանական իշխանությունների հետ համագործակցության վերսկսումը»,- ասել են կազմակերպությունից։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ապա ՆԱՏՕ-ում նշել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հույս ունի տեսնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման քայլեր։

«Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են։ Կոչ ենք անում կողմերին՝ խուսափել գործողություններից, որոնք կարող են վերսկսել բռնությունը։ Չլուծված հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Ողջունում ենք երկխոսությունը՝ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ դրա շրջանակից դուրս։ Հույս ունենք տեսնել քայլեր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- լրատվամիջոցին ասել են կազմակերպությունից։