Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առևանգված» Boing 737 ինքնաթիռն այսօր Իրանից Հայաստան պետք է բերվի. Կոմիտեն թույլտվություն է տվել

«Առևանգված» Boing 737 ինքնաթիռն այսօր Իրանից Հայաստան պետք է բերվի. Կոմիտեն թույլտվություն է տվել
Միջազգային
20:55, 13 март 2021
Civic.am-ի տեղեկություններով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն թույլտվություն է տվել «առևանգված» Boing 737 ինքնաթիռը Իրանից այսօր Հայաստան բերելու համար: «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն արդեն մի քանի ժամ է` սպասում է օդանավի ժամանելուն, սակայն դեռևս ձգձգվում է Իրանից ամերիկյան արտադրության ինքնաթիռի թռիչքն ու վայրէջքը: Արդյոք իրանական կողմն է ձգձգում` դեռևս հայտնի չէ: 
Մենք մեր ընթերցողին տեղեկացրել էինք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի աշխատակիցները և երկու հայ օդաչուներ փետրվարի 28-ին Իրան էին մեկնել՝ «առևանգված» օդանավը Հայաստան բերելու նպատակով, որը նրանց չէր հաջողվել:

 Նշենք, որ ամերիկյան արտադրության Բոինգ-737 օդանավը դեռևս հունվարի 13-ից գրանցված է հայկական պետական ռեգիստրում, այն վարձակալված է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի կողմից և փետրվար ամսին Տալին քաղաքից պետք է բերվեր Երևան։ Ըստ մեր տեղեկությունների՝ Տալինից թռիչք իրականացնող օդանավը նախ պետք է Ուկրաինայում տեխնիկական սպասարկում անցներ, այնուհետև վայրէջք կատարեր Զվարթնոց օդանավակայանում, սակայն անհասկանալի պատճառներով օդանավը վայրէջք է կատարել Թեհրանում։ 

Հիշեցնենք, որ Tert.am-ն օրեր առաջ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, պարզաբանում խնդրելով մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում։

 «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։  ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»,-պատասխանել էին դեսպանատնից։  
 
Նարա Մարտիրոսյան