Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ընդունել է Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչներին, խոսել խաղաղության օրակարգից

Ալիևն ընդունել է Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչներին, խոսել խաղաղության օրակարգից
Միջազգային
12:22, 21 январь 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվում գտնվող՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի Եվրոպական աշխարհամասի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալիևը շնորհավորանքներ է փոխանցել Ֆրանսիայի կողմից ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դաշինքում Ֆրանսիայի նախագահությունը կլինի հաջող և արդյունավետ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահը «գոհունակությամբ է հիշել անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ունեցած հանդիպումները»։

Հաղորդագրության համաձայն, Իլհամ Ալիևը նաև բարձր է գնահատել Ֆրանսիայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ այդ ձևաչափով հանդիպումը՝ ընդգծելով, որ այն դրական հնարավորություններ է ստեղծում Բրյուսելում քննարկված խաղաղության օրակարգի զարգացման համար։

Ֆրանսիացի պաշտոնյայի այցը Ադրբեջան տեղի է ունենում Բաքվի և Փարիզի հարաբերություններում հերթական լարվածության ֆոնին։ Ֆրանսիայի արտգործնախարարը շաբաթասկզբին անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունները , որոնք հարուցել են ֆրանսիական քաղաքական շրջանակների զայրույթը։ Ժան-Իվ Լը Դրիանը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է, որ Պեկրեսը Ֆրանսիայի ժողովրդի կողմից ընտրված քաղաքական գործիչ է։

Ադրբեջանի նախագահը դատապարտել էր Ֆրանսիայի նախագահի թեկնածուի այցը Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ նրան անցանկալի անձ է հռչակել՝ Պեկրեսի անունը ներառելով ադրբեջանական «սև ցուցակում»։