Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց

Ադրբեջանի իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց
Միջազգային
14:20, 15 март 2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ զինված հարձակումներով։ Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցը կոնկրետ օրինակներով ու մասնագիտական վերլուծությամբ ցույց է տալիս «Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունները  COVID-19-ի մարդածին աղետի համատեքստում»:

«Այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի արագ տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու միջոցով: Այսպիսով, մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը այս թիվը հասել է 59287: 
Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի:
Արձանագրած այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։
Զեկույցն ուղարկվելու է միջազգային համապատասխան կառույցներին, ՀՀ պետական մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։