Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչո՞ւ եք բետոն թափում հայերի ոսկորների ու մշակութային արժեքների վրա». Կարո Փայլանը պարզաբանում է պահանջել

«Ինչո՞ւ եք բետոն թափում հայերի ոսկորների ու մշակութային արժեքների վրա». Կարո Փայլանը պարզաբանում է պահանջել
Միջազգային
17:52, 15 март 2021
Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր մասնաշենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ էին հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց,գրում է aravot.am-ը։ Պաշտոնական տվյալներով՝ հիշյալ տարածքում նախկինում ոչ միայն գերեզմանոց, այլ նաև եկեղեցի ու բաղնիք է եղել։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է հայկական գերեզմանոցի վրա շինարարական աշխատանքների հարցը: Նա գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին` պահանջելով պարզաբանել, թե ինչու չի դադարեցվել նշյալ տարածքում բետոնապատման աշխատանքները: Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել թուրք նախարարին.
1.Ինչո՞ւ չի դադարեցվում Թուրքիայի բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից հայկական գերեզմանոցի վրա կատարվող շինարարությունը:

2.Նկատո՞ւմ եք, որ «TOKİ»-ն ոչնչացնում է Անկարայի մշակութային արժեքներն ու քաղաքային հիշողությունը:

3.Ինչո՞ւ եք բետոն թափում Անատոլիայի հայերի ոսկորների և մշակութային արժեքների վրա: Հիշեցնենք, որ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ էր արել դադարեցնել շինարարական աշխատանքները։

Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել էր Անկարայի քաղաքապետարանի մշակույթի և բնության պահպանության վարչություն, մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչություն՝ պահանջելով դադարեցնել շինարարարական աշխատանքները։

Շինաշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները փորձաքննության նպատակով հանձնվել էին «Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի աշխատակիցներին»։