Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առևանգված» օդանավի հետ կապված տեխնիկական խնդիր կա, մասնագետներն էլ հստակ ժամկետ չեն կարող ասել, թե երբ կլուծվի․ ՔԱԿ

«Առևանգված» օդանավի հետ կապված տեխնիկական խնդիր կա, մասնագետներն էլ հստակ ժամկետ չեն կարող ասել, թե երբ կլուծվի․ ՔԱԿ
Միջազգային
12:23, 16 март 2021
Թեպետ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից թույլտվություն էր տրվել մարտի 13-ին «առևանգված» Boeing-737 օդանավը Իրանից Հայաստան բերելու համար, այնուամենայնիվ այն դեռևս շարունակում է մնալ Իրանում։ 
Civic.am-ը ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանից հետաքրքրվեց՝ թե ո՞րն է եղել պատճառը, որ օդանավը չի բերվել Հայաստան։

«Այս պահի դրությամբ օդանավի հետ կապված տեխնիկական խնդիր կա»-արձագանքեց մեր զրուցակիցը։ Մեր հարցին՝ որքա՞ն ժամանակում է հնարավոր լուծել այդ տեխնիկական խնդիրը՝ Լիլիթ Աղաբեկյանը նշեց, որ հստակ ժամկետ չի կարող ասել, թե երբ կվերացվի․ «Չեմ կարծում տարիների հարց լինի այդ խնդիրների լուծումը, բայց հստակ ժամկետ էլ չեմ կարող նշել, ես մասնագետ չեմ, կարծում եմ մասնագետներն էլ հստակ չեն կարող ասել»,-պատասխանեց  նա։ 

Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի աշխատակիցները և երկու հայ օդաչուներ փետրվարի 28-ին Իրան էին մեկնել՝ «առևանգված» օդանավը Հայաստան բերելու նպատակով, որը նրանց չէր հաջողվել: Ըստ մեր աղբյուրների՝ հարցը պետք է լուծվեր ավելի բարձր մակարդակով։

Նշենք, որ ամերիկյան արտադրության Բոինգ-737 օդանավը դեռևս հունվարի 13-ից գրանցված է հայկական պետական ռեգիստրում, այն վարձակալված է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի կողմից և փետրվար ամսին Տալին քաղաքից պետք է բերվեր Երևան։ Ըստ մեր տեղեկությունների՝ Տալինից թռիչք իրականացնող օդանավը նախ պետք է Ուկրաինայում տեխնիկական սպասարկում անցներ, այնուհետև վայրէջք կատարեր «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն անհասկանալի պատճառներով օդանավը հայտնվել էր Թեհրանում։ 
 
Իրանը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում, և միացյալ նահանգների օրենսդրությամբ արգելվում է Իրանին ձեռք բերել ամերիկյան արտադրության ինքնաթիռներ ու ավիացիոն պահեստամասեր, նույնիսկ երրորդ երկրների միջոցով։ 
  
 
Նարա Մարտիրոսյան