Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ. Անն Լինդե

Այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ. Անն Լինդե
Միջազգային
13:57, 16 март 2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվել է. նրա գնահատմամբ հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի լուծման հարցում: Անն Լինդեն նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ընթացքում:

«Ես ողջունում եմ հրադադարը և, առիթից օգտվելով, ուզում եմ արտահայտել իմ խորը ափսոսանքը վիրավորվածների և մահացածների կաակցությամբ: Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ողջունում եմ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը և մեր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում: Մի քանի հարցեր դեռևս կարոտ են լուծման: ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարևոր դեր ունեն անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջ ընթանալու ճանապարհ գտնելու գործում»,- ասաց Լինդեն:

Նրա խոսքով՝ այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքը: Անն Լինդեն շեշտեց նաև վստահության կառուցման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ այս այցը հնարավորություն է ընձեռել քննարկել Շվեդիայի նախագահության առաջնահերթությունները ԵԱՀԿ-ում: