Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին նախաձեռնել է ՄԱԿ-ի հատուկ նիստի գումարում, ԵԱՀԿ նիստի անցկացում, անհապաղ խորհրդակցություններ

Զելենսկին նախաձեռնել է ՄԱԿ-ի հատուկ նիստի գումարում, ԵԱՀԿ նիստի անցկացում, անհապաղ խորհրդակցություններ
Միջազգային
11:11, 22 февраль 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հավատարիմ է խաղաղության սկզբունքներին և կշարունակի դիվանագիտական աշխատանքը այս ուղղությամբ՝ Դոնբասի 2 հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումից հետո։

«Ես քննարկել եմ իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Ես խոսել եմ նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նաև նախատեսում եմ խոսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- ասել է Զելենսկին երկուշաբթի երեկոյան հղած տեսաուղերձում։

Նա խոսել է նաև հետագա քայլերի մասին։

«Ի՞նչ կլինի հետո. մենք խաղաղություն ենք ուզում, բայց հետևողական ենք մեր գործողություններում: Այսօր Ուկրաինայի ԱԳՆ-ն հարցում է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին Բուդապեշտի հուշագրի հիման վրա՝ անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու պահանջով: Ես նախաձեռնել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նսիտի գումարում, ԵԱՀԿ հատուկ նիստի անցկացում: Մենք պնդում ենք ԵԱՀԿ կառույցների լիարժեք աշխատանքը՝ կանխելու սադրանքները և հետագա էսկալացիան»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիևը հավատարիմ է հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։

«Մենք հավատարիմ ենք քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը և չենք ենթարկվում որևէ սադրանքների: Մեր սահմանները հուսալիորեն պաշտպանված են, ստեղծվել է տարածքային պաշտպանության համակարգ, մեր գործընկերները աջակցում են մեզ: Եվ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության, մենք լավ ենք տարբերում սադրանքները և ագրեսոր զորքերի հարձակումը։

Մենք երբեք չենք թաքցնի ճշմարտությունը ձեզնից՝ ինչպին էլ այն լինի: Հենց որ տեսնենք իրավիճակի փոփոխություն, հենց մենք տեսնենք ռիսկերի աճ, դուք ամեն ինչ կիմանաք։ Այժմ քաոսային գործողությունների պատճառ չկա»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքել բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։