Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է կուտակում իր արևելյան սահմաններում

ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է կուտակում իր արևելյան սահմաններում
Միջազգային
17:46, 24 февраль 2022
ՆԱՏՕ-ն հայտարարություն է հրապարակել, որի համաձայն՝ դաշինքը պատրաստվում է լրացուցիչ ուժեր ուղարկել Արևելյան Եվրոպայի երկրներ:

«Ռուսաստանի գործողությունները լուրջ սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք աշխարհաքաղաքական հետևանքներ կունենան: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իր դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համար: Մենք լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր ենք ուղարկում դաշինքի արևելյան սահմաններ, ինչպես նաև ամրապնդում ենք նավատորմը: Մենք բարձրացրել են մեր ուժերի պատրաստականությունը՝ արձագանքելու ցանկացած անկանխատեսելի հանգամանքի»,- ասվում է հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ում նաև դատապարտել են Ռուսաստանի գործողությունները՝ հայտարարելով, որ Ուկրաինայում սկսված գործողությունները խաթարում են միջազգային իրավունքը:

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին և նրա լեգիտիմ նախագահին, խորհրդարանը և կառավարությունը, որոնք ընտրվել են ժողովրդավարական ճանապարհով: Մենք միշտ կաջակցենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ: