Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը հրամայել է ջնջել Արցախի գրավյալ շրջանների պատմական հուշարձանների հայկական արձանագրությունները

Ալիևը հրամայել է ջնջել Արցախի գրավյալ շրջանների պատմական հուշարձանների հայկական արձանագրությունները
Միջազգային
17:44, 17 март 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրալ Բալայանը:
«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ ջնջելու հայկական հետքերը Արցախի օկուպացված տարածքներից: Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են», – գրել է Բալայանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևն ու իր կինը այցելել էին գրավված Հադրութի շրջան: Նրա այցի կադրերում երևում է, որ եկեղեցիներն այլևս խաչեր չունեն:

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (Քելբաջար) (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամ) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչին) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Բերձորի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։