Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրով․ Զելենսկին Մոսկվայի հետ քննարկումների հնարավորությունը կորցրել է

Լավրով․ Զելենսկին Մոսկվայի հետ քննարկումների հնարավորությունը կորցրել է
Միջազգային
16:54, 25 февраль 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվայի հետ տարածաշրջանային անվտանգությունը քննարկելու «բոլոր հնարավորությունները կորցրել է»։

Այսօր կայացած ասուլիսում Լավրովը պնդել է, որ Զելենսկին «ստում է» Մոսկվայի հետ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին:

Նա հավելել է, որ Մոսկվան Ուկրաինայի հետ բանակցություններ կվարի միայն երբ Ուկրաինան դադարեցնի ռազմական դիմադրությունը ռուսական բանակին։ «Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել, հենց Ուկրաինայի զինված ուժերը հետևեն մեր նախագահի կոչին և դադարեցնեն իրենց դիմադրությունն ու հրաժարվեն զենքերից», - ասել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «ոչ ոք չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան»՝ կրկնելով նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, որ Ուկրաինա ռազմական ներխուժման նպատակն այդ երկրի «ապառազմականացումն» է և այն «նացիստական տարրերից մաքրելը»։

Պուտինն ավելի վաղ չհիմնավորված մեղադրանքներ է հնչեցրել Ուկրաինայի կառավարության հասցեին՝ պնդելով, որ այն «նեոնացիստական» ռեժիմ է, որը ձգտում է միջուկային զենք ունենալ։

Աղբյուր՝ azatutyun.am