Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան հրաժարվում է բանակցել Բելառուսում

Ուկրաինան հրաժարվում է բանակցել Բելառուսում
Միջազգային
12:37, 27 февраль 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Զելենսկին ասել է, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Մինսկը` ոչ Բելառուսի տարածքը։

Ուկրաինական ԶԼՄ–ների փոխանցմամբ` Զելենսկին այս առաջարկն արել է ուղերձով դիմելով բելառուս ժողովրդին։

«Ձեր տարածքից Ռուսաստանի Դաշնության զորքերը հրթիռներ են արձակում Ուկրաինա։ Մեր երեխաները սպանվում են ձեր տարածքից, մեր տները քանդվում են, փորձում են պայթեցնել այն ամենը, ինչ կառուցվել է տասնամյակների ընթացքում»,– ասել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։

«Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում՝ ձեր քաղաքում: Երբ դուք չեզոք էիք, Մինսկում խոսեցինք,– ասել է նա,– դրա համար մենք հիմա ասում ենք՝ ոչ Մինսկ։ Հանդիպման վայրը կարող է լինել այլ քաղաք: Իհարկե, մենք խաղաղություն ենք ուզում»։

Զելենսկին համոզմունք է հայտնել, որ միայն այս դեպքում բանակցությունները կարող են ազնիվ լինել ու իսկապես վերջ տալ պատերազմին։

Նշենք, որ Զելենսկին իր այս հայտարարությամբ պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ով ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս ու Գոմելում պատրաստ սպասում է բանակցությունները սկսելուն։