Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում, բայց հարկ եղած դեպքում կպաշտպանի դաշինքի երկրների տարածքի ամեն մի թիզ»․ Բրյուսելում սկսվել է ՆԱՏՕ-ի արտահերթ նիստը

«ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում, բայց հարկ եղած դեպքում կպաշտպանի դաշինքի երկրների տարածքի ամեն մի թիզ»․ Բրյուսելում սկսվել է ՆԱՏՕ-ի արտահերթ նիստը
Միջազգային
15:46, 04 март 2022
Բրյուսելում սկսվել է Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի արտահերթ նիստը։ Դրան մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը։ Հրավիրված են նաև Ուկրաինան, Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն։

«Այսօր նախարարները կհամակարգեն մեր արձագանքը Ուկրաինա Ռուսաստանի աղաղակող ներխուժմանը և կքննարկեն այդ իրադարձությունների երկարաժամկետ հետևանքները», - ասել է Ստոլտենբերգը հանդիպումից առաջ։

Նա դատապարտել է խաղաղ բնակչության և Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունը և հիշեցրել պատժամիջոցներն ու աջակցության մասին, որոնք ՆԱՏՕ-ի անդամներն արդեն իսկ ցուցաբերում են Ուկրաինային։

«Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ: ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, մենք չենք ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ: Բայց մենք ցանկանում ենք, որ թյուրիմացություններ չլինեն մեր դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամության վերաբերյալ», - ասել է Ստոլտենբերգը, հավելելով, որ դրա համար է ՆԱՏՕ-ի արևելյան թեւը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հավելել է․ «Ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշեց, ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, մենք առճակատման չենք ձգտում, բայց եթե այն մեր դեմ սկսվի՝ մենք դրան պատրաստ ենք և կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի ամեն մի թիզ»։