Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է, որ Ադրբեջանը երբեք չի հարգի և առավել ևս չի ապահովի Արցախի ժողովրդի իրավունքները․ Էդմոն Մարուքյան

Այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է, որ Ադրբեջանը երբեք չի հարգի և առավել ևս չի ապահովի Արցախի ժողովրդի իրավունքները․ Էդմոն Մարուքյան
Միջազգային
16:19, 24 март 2022
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ անդամ պետությունների առաջնորդների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Այս միջոցառմանը զուգահեռ՝ Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որտեղ ներկա եմ նաև ես։

Բնականաբար, բոլորի մտահոգությունն ու առաջնային քննարկման առարկան ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ մեր պարագայում, բացի նշված ընթացող պատերազմից, օրակարգում են Արցախյան հակամարտության նոր դրսևորումները. Ադրբեջանի կողմից գազային տեռորի միջոցով Արցախում էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունը, ինչի ուղիղ հետևանքն է Արցախում արդեն մի քանի օր շարունակվող հումանիտար աղետը, Ադրբեջանի իշխանությունների թշնամական գործողություններն ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, հայ ռազմագերիների վերադարձի հարցը, և այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է այն իրողությունը, որ Ադրբեջանը երբեք չի հարգի և առավել ևս չի ապահովի Արցախի ժողովրդի իրավունքները։

Նշված հանգամանքները քննարկելու նպատակով՝ մի շարք հանդիպումներ եմ ունենալու ինչպես Եվրախորհրդարանի «Renew Europe» խմբի առաջնորդների, այնպես էլ «ALDE» դաշինքի ԵՄ երկրների կուսակցությունների առաջնորդների և կարծիք ձևավորող այլ ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ։