Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվություն է որակել ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվություն է որակել ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը
Միջազգային
00:29, 28 март 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարությունը, ըստ որի՝ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ գյուղի շրջակայքից:

«Ադրբեջանական բանակի զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունն այդ դիրքերից չի համապատասխանում իրականությանը։ Մեր բանակն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,- նշված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է համարել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, ըստ որի՝ հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը:

«Ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ Ադրբեջանում «Լեռնային Ղարաբաղ» անվանումով վարչատարածքային միավոր չկա: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարություններում այս տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշել են Ադրբեջանի ՊՆ-ից:

Հիշեցնենք՝ ավելի վաղը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջակայքից։