Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը նախաձեռնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու գործընթաց

ԱՄՆ-ը նախաձեռնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու գործընթաց
Միջազգային
11:36, 05 апрель 2022
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի՝ ապրիլի 7-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«Այդ հարցով պետք է զբաղվել Գլխավոր վեհաժողովում, և մենք ակնկալում ենք դրան հասնել հնարավորինս արագ՝ այս շաբաթ՝ հինգշաբթի»,- նշել է դիվանագետը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, արձագանքելով ամերիկյան նախաձեռնությանը, նշել է, որ Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու գաղափարն աներևակայելի է և որևէ կերպ չի օգնի ռուս-ուկրաինական բանակցություններին:

«Մեր երկիրը փորձում են դուրս մղել աշխարհում ցանկացած բազմակողմ ձևաչափից, և այդ փորձերն աննախադեպ բնույթ են կրում։ Սակայն դա չի թեթևացնի, չի խրախուսի, չի պարզեցնի այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ բանակցություններում»,- ասել է ՌԴ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Նեբենզյան հայտարարել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի փաստաթղթային փաստեր Բուչայի իրադրության մասին: