Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. տեսանյութ

Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նշենք, որ մինչ այդ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նրանք անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակըհումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը, հաղորդում է կառավարությունը:

ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ` հույս հայտնելով, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը: