Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին․ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը

Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին․ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը
Միջազգային
13:48, 28 апрель 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պատվիրակության կազմում են եղել Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Էրլ Լիտցենբերգերը, Քելլի Դեգնանն ու Լինն Թրեյսին։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում լայն քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ։ Ընդգծվել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նշվել է, որ այդ ընթացում երկրների միջև հաջող համագործակցություն է հաստատվել, մասնավորապես, սերտ փոխգործակցություն է իրականացվել էներգետիկայի ոլորտում։

Զրույցի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային հարցերի շուրջ, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի պատրաստման համար բանակցությունների վարման, հաղորդակցությունների բացման հարցեր։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստ է բանակցությունների մեկնարկին՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։ Բացի այդ, Ալիևը նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հավելենք, որ Էրիկա Օլսոնն ավելի վաղ հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Բաքվում Օլսոնը մասնակցելու է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին։ Էմմա Չոբանյան