Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ՀՀ-ն ջանքեր է գործադրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»․ ԱԳ նախարար

«Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ՀՀ-ն ջանքեր է գործադրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»․ ԱԳ նախարար
Միջազգային
12:54, 29 март 2021
ԱԺ-ում սկսվեց ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նիստը, որին ներկա էր ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Նախարարը հանդես եկավ 2020 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ կարճ զեկույցով։ Այվազյանն ասաց, որ 2020  թվականին ԱԳՆ-ի աշխատանքներն ուղղված են եղել ՀՀ արտաքին հարաբերությունների ուղենիշների և Կառավարության ծրագրերի իրականացման ուղղությամբ գործունեության շարունակականության ապահովմանը, բարեփոխումների և հետագա զարգացման խթանմանը։ «Այդուհանդերձ, տարին, Հայաստանի անկախությունից ի վեր ամենածանրն էր՝ պայմանավորված գլոբալ և տարածաշրջանային հայտնի իրադարձություններով։ Մի կողմից covid-19-ը, մյուս կողմից՝ ադրբեջանաթուրքական ագրեսիան նոր, ծանր մարտահրավերներ ստեղծեցին մեր ողջ պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ Արտաքին քաղաքական գերատեսչության համար և դրանց հաղթահարումը էապես ձևավորեց մեր աշխատանքների օրակարգը», - ասաց նախարար Այվազյանը։ Նախարարը նշեց, որ իրենց գերատեսչության և դեսպանների ջանքերով կորոնավիրուսի համաճարակի ընթացքում կազմակերպվել է Հայաստանի քաղաքացիների հայրենադարձումը, որի ընթացքում Հայաստան է վերադարձել 14564 ՀՀ քաղաքացի, որոնցից 2254-ը՝ անվճար հիմունքներով։

Այվազյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ՀՀ-ն ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ «Հունվարի 29-30-ը Ժնևում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայատարարություն, որում նշվել է, որ կողմերը քննարկեցին խնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու քայլերը, ինչպես նաև հետագա հանդիպումների ժամանակացույցերը և օրակարգերը»,- նշեց Արա Այվազյանը։ Նախարարը հիշեցրեց, որ ապրիլի 21-ին առցանց տեղի ունեցած հանդիպումներից մեկում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ համանախագահները կոչ արեցին կողմերին խստորեն հետևել  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին,   սակայն Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն քննադատեց այդ փաստաթուղթը՝ հավանություն տված Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնանկության համատեքստում, դրանով իսկ ազդարարելով խաղաղ գործընթացի տապալման իր քաղաքականությունը։