Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիների կողմից հայ վարորդների քարկոծումը հակասում է եռակողմ հայտարարության ոգուն․ ԱՀ նախագահի մամուլի քարտուղար

Ադրբեջանցիների կողմից հայ վարորդների քարկոծումը  հակասում է եռակողմ հայտարարության ոգուն․ ԱՀ նախագահի մամուլի քարտուղար
Միջազգային
14:40, 30 март 2021
Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել, որ երեկ գիշերը՝  ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա և ջարդել ապակիները: 

 Civic․am-ի հետ զրուցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը տեղեկացրեց, որ միջադեպի վերաբերյալ Արցախի դատախազությունը դիմել է  ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ:

«Վարորդը, որը եղել է մեքենայի ղեկին՝ չի պնդել, որ ադրբեջանցիներն են հարվածել, պարզապես դա ենթադրվում է, որովհետև դեպքը եղել է Շուշի քաղաքի մերձակայքում։ Դեպքը տեղի է  ունեցել մթով և մառախուղ է եղել։ Մենք սպասում ենք հանգամանքների բացահայտմանը և եթե դա իրոք այդպես է, ապա սա երկրորդ դեպքն է, որի մասին հրապարակավ հայտնում  են, ապա մենք, բնականաբար, մնում ենք մեր կարծիքին, որ դա հակասում է եռակողմ հայտարարության ոգուն»,-ասաց Լուսինե Ավանեսյանը։

Վերջինս հիշեցրեց, որ մի քանի օր առաջ էլ Կարմիր գյուղի մոտակայքում՝ Կարմիր շուկա-Ստեփանակերտ մայրուղու միջնամասում, խաղաղպահների ուղեկցությամբ ընթացող ադրբեջանցիների ավտոշարասյան միջից քարեր են նետել իրենց հետևից գնացող հայ վարորդների ավտոմեքենաների ուղղությամբ։ 

«Դրանից հետո հայ վարորդները կանգնեցրել են այդ շարասյունը, զրուցել են նրանց հետ և  մեր վարորդներին նույնիսկ խոստացել են, որ պիտի փոխհատուցեն։ Այս  դեպքի առթիվ ևս քրեկան գործ է  հարուցվել» ,-ասաց Լուսինե Ավանեսյանը։            
Նշենք նաև, որ երեկվա միջադեպի վերաբերյալ  հայտարարություն էր տարածել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։