Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջո Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույցը տևել է 2 ժամից ավելի

Ջո Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույցը տևել է 2 ժամից ավելի
Միջազգային
14:46, 29 июль 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հերթական հեռախոսազրույցը տևել է 2 ժամից ավելի: Զրույցի հիմնական թեման եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցը: Չինաստանի նախագահն իր գործընկերոջը նախազգուշացրել է, որ Թայվանի հարցում բոլոր նրանք, ովքեր կխաղան կրակի հետ, կկործանվեն: Սի Ծինփինը Ջո Բայդենին ներկայացրել է Թայվանի հարցում Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Նա ընդգծել է, որ Թայվանի հարցը ավելի քան պարզ է՝ Թայվանի նեղուցի երկու կողմերն էլ պատկանում են Չինաստանին: Սին ընդգծել է, որ չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեներն արտացոլում են երկու կողմերի ստանձնած քաղաքական պարտավորությունները և «մեկ Չինաստան» սկզբունքը: Հենց դա էլ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքն է:

«Չինաստանի կառավարության և ժողովրդի դիրքորոշումը Թայվանի հարցում հետևողական է, և Չինաստանի ազգային ինքնիշխանությունը և տարածքային պաշտպանությունն ավելի քան 1,4 մլրդ չինացի ժողովրդի հաստատուն կամքն է»,- նշել է Սի Ծինփինը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանել հաղորդակցությունը բոլոր մակարդակներում և օգտագործել առկա ուղիները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համար: