Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում չեն բացառում միջուկային բանակցությունների մոտալուտ վերսկսումը

Իրանում չեն բացառում միջուկային բանակցությունների մոտալուտ վերսկսումը
Միջազգային
13:28, 01 август 2022
Պաշտոնական Թեհրանը չի բացառում Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին նվիրված բանակցությունների նոր փուլի անցկացումը մոտ ապագայում։ Այս մասին այսօր, Թեհրանում կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Բանակցությունների ժամկետների վերաբերյալ հստակ հետևության մենք կարող ենք հանգել մոտ ապագայում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որ կարող է նպաստել համաձայնության կայացմանը», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Նախօրեին բանակցությունների շուրջ ստեղծված կացությանն անդրադարձել էր նաև դրանցում իրանական պատվիրակությունը ղեկավարող Ալի Բաղերի Քանին՝ ընդգծելով, որ Թեհրանը հանդես է եկել նոր առաջարկներով։

«Մենք առաջարկներ ենք ներկայացրել, որոնք կարող են ճանապարհ հարթել Վիեննայում ընթացող բանակցությունների [վերսկսման] համար։ Մենք պատրաստ ենք բանակցությունները ավարտել սեղմ ժամկետներում, եթե, իհարկե, հակառակ կողմը նույնանման պատրաստակամություն հայտնի», - նշել է իրանցի դիվանագետը։

Աղբյուր՝ azatutyun.am