Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն ձգտում է բոլորին ցույց տալ իր անպատժելիությունը․ Լավրովը՝ Թայվան Փելոսիի այցի մասին

ԱՄՆ-ն ձգտում է բոլորին ցույց տալ իր անպատժելիությունը․ Լավրովը՝ Թայվան Փելոսիի այցի մասին
Միջազգային
12:34, 03 август 2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան արտացոլում է ԱՄՆ-ի ձգտումը՝ բոլորին ապացուցելու իր անպատժելիությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյանմայի արտգործնախարարի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին:

«Ես կասկած չունեմ, որ ԱՄՆ-ի այդ քայլն արտացոլում է այն նույն գիծը, որի մասին մենք խոսում ենք Ուկրաինայի իրավիճակի համատեքստում։ Դրա նպատակն իր անպատժելիությունն ու ամենաթողությունը ցույց տալն է»,- ընդգծել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։

ՌԴ արտգործնախարարությունը Թայվան Փելոսիի կատարած այցի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ Նշվում է, որ Մոսկվան այդ այցը դիտարկում է որպես «ակնհայտ սադրանք»։

Ըստ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման՝ Թայվանի նեղուցում կողմերի միջև հարաբերությունները Չինաստանի ներքին գործն են, իսկ կղզին երկրի անբաժան մասն է, ուստի Պեկինն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը խաթարող գործողություններից։