Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո․ հայտարարություն

Խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո․ հայտարարություն
Միջազգային
00:10, 05 апрель 2021
«Շուշի» բարեգործական հիմնադրամի հայտարարությունը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ պարոնայք Մակրոնին, Պուտինին և Բայդենին Ադրբեջանի և Թուրքիայի բանակները, համալրվելով Մերձավոր Արևելքից հավաքագրված ահաբեկիչներով, 2020թ. սեպտեմբերի 27-ին քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Չնայած համանախագահ երկրների առաջնորդներն իրենց նախկին համատեղ հայտարարություններում մերժել էին ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, Ադրբեջանն ու Թուրքիան ուժի կիրառման միջոցով օկուպացրին Արցախի Հանրապետության տարածքի 2/3-ը, այդ թվում՝ Հադրութի շրջանը՝ ամբողջությամբ, բնակավայրեր Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջաններից, ինչպես նաև ռազմավարական կարևոր հենակետ բերդաքաղաք Շուշին, չնայած այն բավականին հեռու էր ռազմաճակատից:

Օկուպանտները նաև երեք օրվա ընթացքում բռնագաղթի ենթարկեցին յոթ շրջանների բնակիչներին: Հազարավոր մարդիկ ստիպված էին ամեն ինչ թողնել ու հեռանալ: Այդ տարածքների բնակիչների մեծ մասը Ադրբեջանից փախստականներ են, որոնք ապաստան էին գտել Արցախում:

Հայերին բռնի կերպով իրենց տներից տեղահանել էին 1988 – 1992 թթ. Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Հյուսիսային Արցախի Խանլարի, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանից (ներառյալ՝ Գետաշենի ենթաշրջանը), ինչպես նաև Հյուսիսային Արցախի Դաշքեսանի, Շամխորի և Գետաբեկի հայկական բնակավայրերում:

Մարտակերտի շրջանի Մարաղա-Մարգուշավան գյուղում 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակն իրականացրել է ցեղասպանային գործողություններ՝ սպանելով հարյուր խաղաղ բնակիչների, նույնքան հայերի էլ պատանդ տարել, որոնց կտտանքների ենթարկելով սպանել են: Ցեղասպանությունից մազապուրծ Մարաղա-Մարգուշավանի բնակիչները նոր բնակավայր էին հիմնել Մարտակերտի և Աղդամի շրջանների սահմանին, սակայն արդեն երկրորդ անգամ վտարվեցին 2020 թվականին: Հազարավոր բռնագաղթվածներն այսօր էլ ապաստան չունեն ու ընտանիքներով գյուղից գյուղ են թափառում:

Մեծարգո նախագահներ, Արցախի Հանրապետությունը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, որն ամենևին էլ արդարացի չէ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ անցած 3000 տարիների ընթացքում, երբ տարբեր քաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ Հայաստանը կորցրել էր իր պետականությունը, նրա 12-րդ նահանգ Արցախը, հենվելով իր ներքին ռեսուրսների վրա, տասը անգամ ձեռք էր բերել այս կամ այն ձևով արտահայտված որևէ պետական կարգավիճակ, միաժամանակ՝ Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում պահպանելով իր ինքնությունը, լեզուն, մշակույթը և տարածքային ամբողջականությունը: Որպեսզի ավելի համոզիչ լինեն իմ այս խոսքերը, Ձեզ ուղղված այս հայտարարությանը կից ձեզ եմ ուղարկում իմ՝ «Ղարաբաղի հիմնախնդրի տասը արմատները» գիրք, որտեղ ճշգրիտ պատմական աղբյուրների միջոցով պատմվում է այդ մասին:

Արցախից օկուպացված տարածքներում են մնացել հայ ժողովրդի մշակութային ժառանգության հարյուրավոր հուշարձաններ, որոնց թվում են Դադիվանքը (II դ.), Գտիչ վանքը (IX դ.), Եղիշե առաքյալի վանքը (IV դ.), Ծիծեռնավանքը (IV դ.), եկեղեցիներ, իշխանական դղյակներ, պատմական և ճարտարապետական շինություններ, որոնք հայ ժողովրդի՝ այդ տարածքներում բնիկ լինելու անժխտելի վկայությունն են: Անկասկած, դրանք նաև ողջ քաղաքակիրթ ու քրիստոնեական աշխարհի մշակութային ժառանգությունն են: Ինչպես վկայում է փորձը, դրանց սպառնում էոչնչացում Ադրբեջանի կողմից, որն այդ կերպ փորձում է ոչնչացնել հայության հետքերն այդ տարածքներում:
Պարոնա՛յք նախագահներ, այսօր շատ է խոսվում ժողովուրդների միջև խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին: Սակայն խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այսինքն՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների դուրս բերումից հետո, երբ բռնագաղթի ենթարկված հայության՝ իրենց բնակավայրերըվերադառնալու համար նորմալ պայմաններ կստեղծվեն: Մեկ պայման ևս. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի Հանրապետության մաս: Նախապայմաններից մեկն էլ՝ Շուշի բերդաքաղաքը Արցախի իշխանություններին վերադարձնելն է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հարգելի՛ նախագահներ, ես ստիպված եմ Ձեր ողջախոհությանը դիմում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես երևում է նրանց ղեկավարների՝ Էրդողանի և Ալիևի սպառնալից հայտարարություններից, առիթ են որոնում՝ կրկին հարձակվելու Հայաստանի և Արցախի վրա, ճանապարհ հարթելու դեպի նախահայրենիք՝ Լեռնային Ալթայ և Սիբիրի հարավ՝ վերաստեղծելու Թուրքական կայսրություն:
Կարծում եմ, որ դա չի բխում ոչ միայն ձեր երկրների, Հայաստանի և Արցախի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի շահերից:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԳԵՂԱՆԿԱՐԻՉ
«ՇՈՒՇԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ