Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Ադրբեջանը չի լուծում գերիների հարցը, այլ հարց չպետք է քննարկվի Ադրբեջանի հետ». Դավիթ Սանասարյան

«Եթե Ադրբեջանը չի լուծում գերիների հարցը, այլ հարց չպետք է քննարկվի Ադրբեջանի հետ». Դավիթ Սանասարյան
Միջազգային
11:28, 05 апрель 2021
Քաղաքական գործիչ,  ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը վստահեցնում է, եթե իրենց ուժն առաջիկա ընտրություններին ստանա հանրության վստահության քվեն և անցնի խորհրդարան, առաջին նախաձեռնությունը լինելու է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելը և մանրամասն ուսումնասիրելը, թե որն էր պարտության պատճառը: Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանը հայտնեց՝ արդեն հայտ են ներկայացրել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության գրանցման: Ապրիլի 23-ին լինելու է առաջին համագումարը:

Հարցին՝ 44-օրյա պատերազմում պարտության հարցում կա՞ ներկայիս իշխանությունների դերակատարությունը, Radar Armenia-ի ձայնային ուղիղ եթերում հրավիրված տելեգրամյան մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքական գործիչ, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Այո, կա դերը: Եթե ասենք, որ ողջ պատասխանատվությունն այս իշխանության վրա է, կարծում եմ օբյեկտիվ չենք լինի: Երկար տարիներ՝ 1994-ից հետո պատերազմում հաղթանակ ես տանում և սկսում ես բանակցել, թե այդ հողերը ինչի դիմաց ես վերադարձնում: Բոլոր ժամանակների իշխանություններն այս հարցով են բանակցել: Երկար տարիներ, երբ մսխվել են պետական միջոցները, թալանվել է պետական հարստությունը ինչ-որ կլանային շահերի համար, բնականաբար, նախորդ իշխանության մեղավորությունն էլ կա, բայց քաղաքական առումով մեղավորություն ունեն օրվա իշխանությունները: Օրվա իշխանությունները արտաքին քաղաքականությունը թուլացրել են»: Հարցին՝ հնարավո՞ր էր քայլեր ձեռնարկել, որպեսզի խուսափել պատերազմից, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Այո, հնարավոր էր: Պետք էր փորձել ավելի ճկուն դիվանագիտություն վարել: Կարելի էր նաև Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել, խոսել այս մասին, առնվազն շանսը պիտի օգտագործվեր և որոշակիորեն թուլացվեր իր մասնակցությունն այս պատերազմին»:

Խոսելով ներկայումս իշխող ուժի ներկայացուցիչների կողմից հնչող այն հայտարարությունների մասին, թե Թուրքիայի հետ պիտի բարեկամություն արվի և այլն, Դավիթ Սանասարյանն ասաց. «Ես ասում եմ՝ մեր հարցերը առանց մեր իրավունքները զիջելու մենք պիտի ներկայացնենք Թուրքիայի հետ հարաբերություններում, ոչ թե մեր փոխարեն այլ պետություններ՝ կլինի ռազմավարական դաշնակից, կլինի այլ պետություն այդ հարցը ներկայացնեք: Մենք պիտի մեր պետական շահը ներկայացնենք ուղիղ՝ «տետատետ» հանդիպումների ժամանակ:

Պետք էր հնարավորինս ժամանակ ձգվեր, որ տեխնոլոգիապես ավելի հագեցնեինք մեր բանակը»: Հարցին՝ մենք պետք է խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի պատրաստվենք, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Մենք պետք է պատրաստվենք խաղաղության, բայց դա պացիֆիզմով չպետք է անենք: Մեր անվտանգային համակարգը պետք է խելքի բերենք, արտաքին քաղաքականությունը ճիշտ կառուցենք աշխարհի հետ հարաբերություններում, այդ թվում Թուրքիայի հետ անպայման մեր հարցերը բարձրացնենք, բայց չի նշանակում, որ պետք է մեր իրավունքները հետ քաշենք: Դա չի նշանակում, որ Թուրքիան պետք է չառերեսվի իր պատմության սև էջերի հետ: Ադրբեջանը պիտի առերեսվի իր խնդիրների հետ, Թուրքիան: Եթե Ադրբեջանը չի լուծում գերիների հարցը, այլ հարց չպետք է քննարկվի Ադրբեջանի հետ: Պետք է պայմանավորվածությունները մինչև վերջ կատարվեն»: Հարցին՝ Թուրքիան մեր թշնամի՞ն է, ՊՎԾ նախկին պետը պատասխանեց. «Թուրքիան ժխտողական քաղաքականություն է տանում, հովանավորում է պատերազմը և նմանատիպ իրավիճակներ տարածաշրջանում, դա, բնականաբար, թշնամական է, ես այդպես եմ կարծում: Բայց դա չի նշանակում, որ մենք Թուրքիայի հետ չպետք է  խոսենք»:

aravot.am