Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը գրավոր պատասխանել է ԱՄՆ-ին

Իրանը գրավոր պատասխանել է ԱՄՆ-ին
Միջազգային
12:51, 02 сентябрь 2022
Իրանն այսօր վաղ առավոտյան գրավոր պատասխանել է ԱՄՆ-ին։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտնել է, որ տեքստը կառուցողական է և նպատակ ունի ավարտին հասցնել բանակցությունները։ Տեքստի բովանդակության վերաբերյալ իրանական կողմը մանրամասներ չի հաղորդել։

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանը պատասխանն ուղարկել է նաև բանակցությունները համակարգող Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելին։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև 16 ամիս տևած անուղղակի բանակցություններից հետո Բորելը օգոստոսին հայտարարեց, որ ԵՄ-ն ներկայացրել է վերջնական առաջարկ՝ հաղթահարելու 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերածննդի փակուղին:

Պետքարտուղարությունը հաստատել է, որ ստացել է Իրանի պատասխանը Եվրամիության միջոցով։ «Մենք ուսումնասիրում ենք այն և կպատասխանենք ԵՄ-ի միջոցով, բայց, ցավոք, դա կառուցողական չէ», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը նույնպես չի մանրամասնել՝ ինչ է պարունակում Իրանի առաջարկը։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը վերջերս էր ասել, որ Թեհրանին անհրաժեշտ են ավելի ուժեղ երաշխիքներ Վաշինգտոնից՝ գործարքը վերականգնելու համար: Նախարարը պնդել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հրաժարվի Թեհրանի միջուկային աշխատանքի վերաբերյալ «քաղաքական դրդապատճառներով հետաքննությունից»:

azatutyun.am