Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում սպառնալիքների ու ագրեսիայի մշակույթը գերիշխում է խաղաղության մշակույթին. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Ադրբեջանում սպառնալիքների ու ագրեսիայի մշակույթը գերիշխում է խաղաղության մշակույթին. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Միջազգային
12:03, 08 сентябрь 2022
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Խաղաղության մշակույթի հարցերով բարձր մակարդակի համաժողովում (High Level Forum on the Culture of Peace)։ 

Մարգարյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ չնայած անհանդուրժողականության և քսենոֆոբիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության ջանքերին՝ դրանց տարբեր դրսևորումները շարունակում են գոյություն ունենալ աշխարհի տարբեր հատվածներում։

Ընդգծվել է, որ Հայաստանը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանի քաղաքական հռետորաբանության մեջ ատելության և ռասիզմի լեզվի մասին, ինչն արձանագրվել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից։  

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին՝ դեսպան Մարգարյանը համաժողովի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև միջազգային առաքելություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցներին՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, խոչընդոտում է մուտք գործել հակամարտության տարածք։

Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ և ռազմատենչ գործողություններն ու հռետորաբանությունը վկայում են, որ սպառնալիքների, սադրանքների և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերաիշխել այս երկրում խաղաղության մշակույթին։ 

Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն ընդգծել է հակամարտությունը անվտանգության երաշխիքների, մարդու հիմնարար իրավունքների և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արժանապատիվ կյանքի երաշխիքների միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ հանուն տարածաշրջանային կայուն խաղաղության: