Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով բաց նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով բաց նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Միջազգային
17:11, 10 апрель 2021
Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և պահվող անձանց ազատ արձակելու գործընթացում,հայտնում է 1lurer.am-ը: Նամակն ուղղված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտիին:

Նամակում մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Սուրբ Զատկի ուղերձում հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի մասին հիշատակումը: Այնուհետև նամակի հեղինակները նշում են, որ Արցախում հրադադարի հաստատումից հինգ ամիս անց Ադրբեջանում դեռևս պահվում է շուրջ 230 հայ ռազմագերի և քաղաքացիական անձ: Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը հավատարիմ է մնացել եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ոտնահարում են միջազգային նորմերը՝ ՄԻԵԴ-ից և միջազգային այլ մարմիններից թաքցնելով հայ ռազմագերիների ստույգ թիվը: Բացի դրանից՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ԿԽՄԿ-ի՝ ռազմագերիներին այցելությունը և նրանց առողջության և գտնվելու վայրի պայմանների մասին համապարփակ տեղեկություններ չի տրամադրում նրանց ընտանիքներին:

Նամակի հեղինակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրում են անհապաղ միջամտել  շարունակվող հումանիտար ճգնաժամին, որը լուրջ վնաս է հասցնում ոչ միայն հայ ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, այլև՝ ամբողջ հայ ժողովրդին: Ադրբեջանի իշխանությունը Իլհամ Ալիևի գլխավորությամբ աղավաղում է ողբերգական իրականությունը և ապատեղեկատվություն տարածում ամբողջ աշխարհում:
Խոչընդոտելով հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձին՝ Ալիևի ռեժիմը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային նորմերն  ու Ժնևյան կոնվենցիան:
Բաց նամակում ևս մեկ անգամ նշվում է գերության մեջ գտնվող հայերի նկատմամբ իրականացվող բարբարոսական վերաբերմունքի, ֆիզիկական ու հոգեկան բռնությունների մասին: Այդ վկայությունները ներկայացրել են անկախ մամուլն ու միջազգային շատ կազմակերպություններ: Այս նամակով ևս մեկ անգամ կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն այս գործընթացում մանդատ ունեցող միակ կառույցն է, դիվանագիտական իր ջանքերը գործադրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար: