Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ւր է մեր ԱԳՆ հայտարարությունը, գործ է պետք անել, ոչ թե հայերեն լեզվով ամբիոններից խոսել․ Էդմոն Մարուքյան

Այսօր Հայաստանի խորհրդարանի նիստը բացվեց Ադրբեջանի հանցագործ  քաղաքական իշխանության պահվածքը դատապարտող ելույթներով, բայց մեզ ի՞նչ ա թվում, որ մենք մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցություն ա՞ ունենում Ադրբեջանի վրա։ Իրենք նայելու են, ասեն՝ ըհը, մի հատ պուրակ բացեցինք, ամբողջ երկիրը խառնվել ա իրար։ Այս մասին այսօր՝ ԱԺ նիստում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
 
Մարուքյանը հարց բարձրացրեց, թե որտե՞ղ է ՀՀ միջազգային դիվանագաիտական աշխատանքը, և ինչո՞ւ չկա ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․«Ձեզ թվումա, որ դուք էստեղ հայերեն լեզվով Ալիևին «շանտուր եք տալիս», դա ինչ-որ ազդեցություն ունի՞ աշխարհի վրա։ Աշխարհը նստած, հետևում ա մեր պարլամենտի նիստը և խնդրել ա սինխրոն թարգմանեն, որ մեր էս ելույթները լսի՞։ Բա միջազգային դիվանագիտական աշխատանքը ու՞ր ա, բա պետք ա գործ արվի»։
 
Մարուքյանը հարցրեց՝ ի՞նչ ենք անում,  որ այդ «պուրակներիը» չբացվեն և հարց ուղղեց իշխանություններին, թե արդյոք իրենց այսօրվա և 2 ամիս առաջվա հայտարարությունները համապատասխանո՞ւմ են իրար։ Նրա խոսքով՝ պետք է ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը և ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը։
 
Մարուքյանը հիշեցրեց՝ Ապրիլյան պատերազմից հետո կատարած  աշխատանքները՝ պատգամավորական խմբի կողմից․ փաստահավաք առաքելություն, փաստեր գլխատումների և այլնի մասին։ Նրա խոսքով՝ դրանից հետո բոլոր հանդիպումներում նրանք լոբինգ են իրականացրել,  որպեսզի   ԱԳՆ-ն աշխատի և այդ փաստերը ներկայացնի աշխարհին, ցույց տան, որ գործ ունեն Ադրբեջանի նման ահաբեկչական վարք ունեցող պետության հետ․ «Քանի որ սա չարվեց, դա կրկնվեց 2020 թվականին՝ ավելի մեծամասշտաբ։ Հիմա, եթե էլի չարվի, էսօրվա իշխանությունները դուք եք, էլի է կրկնվելու։ Պետք է գործ անել, ոչ թե հայերենով հայկական ամբիոններից խոսել»։