Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հյուսիսային հոսք»-ից արտահոսքերը կանխամտածված գործողությունների հետևանք են. Բորել

«Հյուսիսային հոսք»-ից արտահոսքերը կանխամտածված գործողությունների հետևանք են. Բորել
Միջազգային
13:15, 28 сентябрь 2022
Տվյալները վկայում են այն մասին, որ «Հյուսիսային հոսք» գազամուղներից արտահոսքը տեղի է ունեցել կանխամտածված գործողությունների պատճառով, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն խորապես մտահոգված է «Հյուսիսային հոսք» 1-ին և 2-ին հասցված վնասով: <…> Անվտանգության և շրջակա միջավայրի խնդիրները ունեն ամենաբարձր առաջնահերթություն: Այս միջադեպերը պատահական չեն և առնչվում են բոլորիս»,- նշվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ: 

Նա նշել է, որ «ամբողջ առկա տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ այդ արտահոսքերը կանխամտածված գործողությունների հետևանք են»։

«Մենք կաջակցենք ցանկացած հետաքննության, որն ուղղված է լիակատար հստակություն ստանալ այն հարցում, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, և կձեռնարկենք հետագա քայլեր՝ բարձրացնելու սեփական կայունությունը էներգետիկ անվտանգության ոլորտում»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ:

Երկուշաբթի Nord Stream 2 AG-ն հաղորդել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ի գծերից մեկում  տեղի է ունեցել արտակարգ դեպք Դանիայի ջրերում՝ Բորնհոլմ կղզու մոտ, ինչն ուղեկցվել է ճնշման կտրուկ անկմամբ։ Պատճառներն անհայտ են, կատարվում է հետաքննություն, մանրամասնել է ընկերությունը։ Այնուհետև երկու գծերում ճնշման անկման մասին հաղորդել է Nord Stream AG-ն՝ «Հյուսիսային հոսք»-ի օպերատորը:
Դանիայի ծովային վարչությունը հաղորդագրություն է տարածել Բորնհոլմ կղզուց ոչ հեռու գազի արտահոսքի մասին, որը «կարող է վտանգավոր լինել նավագնացության համար»։ Ինչպես հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Շվեդիայի ծովային վարչությանը, «Հյուսիսային հոսք»-ում երկու արտահոսք կա՝ մեկը Շվեդիայի տնտեսական գոտում, մյուսը՝ Դանիայի տնտեսական գոտում։ Դրանք շատ մոտ են միմյանց»։ 
Շվեդ սեյսմոլոգները հայտնել են, որ գազի արտահոսքի շրջանում խողովակաշարերում գրանցվել է երկու հզոր պայթյուն։