Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բանակցային գործընթացում Հայաստանը հասել էր իր կարմիր գծերին և նույնիսկ հատել դրանք». Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձավ Ղարաբաղյան բանակցություններին և ներկայացրեց բանակցային գործընթացը, նշելով, որ բանակցային գործընթացում Հայաստանը հասել էր իր կարմիր գծերին և նույնիսկ հատել դրանք։ Հայկական կողմը հասել էր այնտեղ, որտեղ հայկական կողմը պատրաստ էր յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն ասում է․ «Ոչ, ավելին պետք է տաս»։ Սրա մասին, ըստ Նիկոլ Փաշինյանի վկայում է Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի ապրիլին տված հարցազրույցը «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությանը։

Նիկոլ Փաշինյանը մեջբերում է Սերժ Սարգսյանի հարցազրույցից․ «Մենք մի քանի անգամ պատրաստ էինք ստորագրել փաստաթուղթը, որտեղ այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն հայակական կողմերը թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են, որպես անվտանգության գոտի։ Այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են, անվանում են բռնազավթված, ադրբեջանական յոթ շրջանները։ Թողնում ենք տարածքները՝ հեռանում։ Այսինքն դա տարածքային ամբողջականության սկզբունքն է։ Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այնուհետև գրված էր՝ ո՞վ է մասնակցելու, ինչպիսի՞ օրակարգ է և ամենը։ Ապա լրագրողը հարց է տալիս․ «այսինքն հանրաքվե՞»։ Սերժ Սարգսյանը պատասխանում է․ «Այո՛, հանրաքվե։ Հենց դա է եղել ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»։ 

Այսինքն բանակցային գործընթացում հայկական կողմը հասել էր այնտեղ, որտեղ հայկական կողմը պատրաստ էր յոթ շրջանները հանձնել Ադրբեջսանին, իսկ Ադրբեջանը պահանջում էր ավելին։

Սրա մասին, ըստ Փաշինյանի, վկայում է Սերժ Սարգսյանի ևս մեկ հարցազրույց՝ տված 2017 թվականին՝ Արմենիա հեռուստաընկերությանը և մեջբերում է հատված այդ հարցազրույցից։

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման Մադրիդյան տարբերակից և դա հասկանալի դառավ բոլորին։ Ադրբեջանի դիրքորոշումն էլ պարզ է՝ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ», - ասել է Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում։

«Ետպատերազմական շրջանում, նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք, հանդես են եկել հայտարարություններով, որոնք պետք է հստակ պարզաբանվեն։ Մեր իրականության մեջ ստեղծվել է մի ընկալում, թե իբր բանակցություններում այն կողմը, որը ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, այդ կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում  նրան կառուցողական դաշտ բերելու համար։ Սա ուղղակի պարզ մոլորություն է, որովհետև սկսած առնվազն 2011 թվականից, երբ Ադրբեջանը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է վերադառնալ կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է ավելի շատ զիջումներ անելու խնդիր», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հանրաքվեին, ինքնորոշմանը՝ վարչապետն ասաց, որ սա նույնպես ժողովրդին մոլորության  մեջ քցելու փորձ է։ Բանակցային փաստաթղթերում, ըստ Փաշինյանի, եղել է հանրաքվեի դրույթ, որտեղ գրված է եղել, որ հանրաքվեն պետք է արտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը։ «Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց չկա ընդգծում՝ որտե՞ղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հանրաքվեի արեալը նկարագրված չէ, և սա սկզբունքային հարց է։ Ադրբեջանը միշտ ունեցել է դիրքորոշում, որ իր սահմանադրության համաձայն, միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ հատվածի կարգավիճակի հարց կարող է ճշտգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում», - նշեց Նիկոլ Փաշինյանը և պարզաբանեց, թե ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն։ «Դա նշանակում է ներքին տեղահանվածներ, այդ թվում տեղահանումից հետո նրանց ընտանիքի անդամներ, որոնք ծնվել են դրանից հետո։ Եվ եկեք արձանագրենք, որ ըստ եղած տվյալների Արցախյան առաջին պատերազմից հետո ԼՂԻՄ տարածքից հեռացել է շուրջ 40 հազար ադրբեջանցի։ Թե ի՞նչ հարց է դրված լինելու հանրաքվեի ժամանակ, այս հարցի պատասխանը ևս չի եղել», - ասաց Նիկոլ Փաշինյանը