Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը կոչնչացնի Ուկրաինայում ռուսական զորքերն ու տեխնիկան և կխորտակի Սևծովյան նավատորմը, եթե Պուտինը միջուկային զենք կիրառի

ԱՄՆ-ը կոչնչացնի Ուկրաինայում ռուսական զորքերն ու տեխնիկան և կխորտակի Սևծովյան նավատորմը, եթե Պուտինը միջուկային զենք կիրառի
Միջազգային
15:15, 03 октябрь 2022
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կոչնչացնեն ռուսական զորքերն ու տեխնիկան Ուկրաինայում, ինչպես նաև կխորտակեն նրա Սևծովյան նավատորմը, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրառի միջուկային զենք, նախազգուշացրել է ԿՀՎ նախկին տնօրեն և բանակի պաշտոնաթող գեներալ Դևիդ Պետրեուսը, գրում է Guardian-ը:

Պետրեուսն ասել է, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ չի քննարկել ԱՄՆ հավանական պատասխանը Ռուսաստանի կողմից միջուկային էսկալացիային, բայց այն մասին, թե ինչպիսին կլինի դրան արձագանքը, բազմիցս հաղորդվել է Մոսկվային:

«Ուղղակի հիպոթետիկ պատկերացում տալու համար. մենք կպատասխանենք՝ ղեկավարելով ՆԱՏՕ-ի հավաքական ջանքերը, որոնք կոչնչացնեն ռուսական բոլոր սովորական ուժերը, որոնք մենք կարող ենք տեսնել և նույնականացնել Ուկրաինայում մարտի դաշտում, ինչպես նաև Ղրիմում, և Սև ծովում յուրաքանչյուր նավ»,- ասել է Պետրեուսը ABC-ին տված հարցազրույցում:   
Հարցին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործումը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին կներքաշի՞ պատերազմի մեջ, Պետրեուսը պատասխանել է, որ դա չի հանգեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի կոլեկտիվ պաշտպանության մասին 5-րդ հոդվածի գործարկմանը, քանի որ Ուկրաինան դաշինքի մաս չէ, սակայն «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը» տեղին կլիներ։
Պետրեուսը խոստովանել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումից հետո ռադիացիայի տարածման հավանականությունը ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք գտնվում են  5-րդ հոդվածի հովանու ներքո, կարող է մեկնաբանվել որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ 

«Դա չի կարող անպատասխան մնալ»,- հավելել է պաշտոնաթող գեներալը: 
ԿՀՎ նախկին տնօրենը կարծում է, որ Պուտինը «հուսահատության մեջ է» երկրի արևելքում ուկրաինական ուժերի հաջող հակահարձակման պատճառով։

«Մարտադաշտի իրողությունը, որին նա բախվում է, կարծում եմ, անշրջելի է,- ասել է Պետրեուսը:- Ոչ մի անկանոն մոբիլիզացիա, ոչ մի բռնազավթում, ոչ մի նույնիսկ քողարկված միջուկային սպառնալիքներ չեն կարող նրան դուրս բերել այս կոնկրետ իրավիճակից»:
«Եվ նույնիսկ մարտավարական միջուկային զենքի կիրառումը մարտի դաշտում ոչինչ չի փոխի»,- հավելել է նա։