Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուտով կդադարի Թուրքիայի 25 տոկոս զեղչի արտոնությունը ԵԱՏՄ շուկայում․ փոխվարչապետ

Այսօր՝ ապրիլի 15-ին ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագրի 2020թ․կատարման արդյունքների մասին զեկույցը: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
«Զեկույցում գրված է, որ մենք մշակող արդյունաբերության գծով ունենք բավական լավ աճ՝ օրինակ, հագուստի արտադրությունը 4,3 տոկոսով է աճել, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների գծով աճ է 14,5 տոկոս, դեղագործական արտադրանքի գծով աճը 23,6 տոկոս, արտահանումը աճել է 2,7 տոկոս, բուսական ծագման արտադրանքը 23,7 տոկոսով է արտահանումն աճել, հանքահումքային արտադրանքի  արտահանումը 11,4 տոկոսով է աճել, պլաստմասա և դրանից իրեր 16,3 տոկոսով է աճել, կոշկեղեն՝ 15,2 տոկոսով և այլն։ Մենք կարո՞ղ ենք ասել, որ չնայած կորոնավիրուսի հետևանքով մեր տնտեսության առանձին ոլորտներ ունեցել են խնդիրներ, բայց մենք կարողացել ենք նաև հավարակի մարտահրավերների  որոշակի հնարավորություններից օգտվել և այս աճը դրանով է պայմանավորված»,-հարցրեց Պապոյանն ու հավելեց, որ ուզում է նաև կառավարության ջանքերը մատնանշել, որ Թուրքիան շուտով զրկվելու է իր արտոնյալ կարգավիճակից ԵԱՏՄ տարածքում․ «Ի՞նչ է տալու մեզ Թուրքիայի զրկվելը և որոնք են մեր այն ոլորտները, որոնք դրա հետևանքով կմեծանան»,-շարունակեց խոսքը պատգամավորը։    

Ի պատասխան Պապոյանի հարցի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախ նշեց, որ մարտի 5-ին կայացվել է ԵԱՏՄ խորհրդի որոշումը, որը մտնելու է ուժի մեջ վեց ամիս հետո, այսինքն արդեն 4,5 ամսից․ «Այդ որոշման տրամաբանությունը հետևյալն է՝ Թուրքիան ԵԱՏՄ երկրներ արտահանում անելիս ուներ մաքսատուրքի 25 տոկոս զեղչման արտոնություն, որը դադարելու է»։ 
Փոխվարչապետը հիշատակեց նաև, որ Թուրքիայից պատրաստի արտադրանքի ներմուծում է եղել 220մլն դոլարի մինչև արգելք դնելը և ինքը կարծում է, որ այդ նիշը պետք է զբաղեցնեն մեր տնտեսվարողները։

Անդրադառնալով համավարակի ժամանակ մեր ունեցած արտահանման աճին՝ փոխվարչապետը ընդգծեց, որ համավարակի ժամանակ բազմաթիվ ապրանքների դեֆիցիցտ կար ԵԱՏՄ-ում, որն էլ բերեց վերադասավորման՝ արտահանման։