Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Բելառուսում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ
Միջազգային
10:41, 14 октябрь 2022
Բելառուսում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել՝ «որոշ սահմանակից պետությունների կողմից պատրաստվող սադրանքների» մասին լուրերի ֆոնին։ Այս մասին ուրբաթ օրը հրապարակված «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։
«Այսօր, ցավոք, աշխարհն այնքան անկանխատեսելի է դարձել, որ մենք չենք կարող որևէ մեկին հավատալ: Ուստի մենք պետք է հոգ տանենք մեր սեփական անվտանգության մասին՝ ելնելով նրանից, որ, ինչպես ասել է Բելառուսի նախագահը, մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդին և այնպես անենք, որ օկուպանտի ոտքը ոչ մի մետր չմտնի մեր հող »,- ասել է Մակեյը: 

ԱԳ նախարարը նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի խորհրդակցություններ է անցկացրել ուժային կառույցների հետ։ «Սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Իրոք, տեղեկատվություն է եղել առ այն, որ որոշ սահմանակից պետություններ սադրանքներ են ծրագրում՝ կապված Բելառուսի տարածքի առանձին հատվածների հնարավոր գրավման հետ»,- ասել է արտգործնախարարը։

Մակեյի խոսքով՝ այդ իրավիճակում ոչ մի այդպիսի ազդանշան չպետք է անարձագանք մնա։ Նա նշել է, որ հանրապետության զինված ուժերը, իրավապահ կառույցներն ու հատուկ ծառայությունները կարող են «հակահարված տալ ցանկացած սադրանքի, որը կարող է ծագել սահմանակից պետությունների կողմից»։ 

Բելառուսում ռազմական ակտիվության բռնկումը այս շաբաթ գրավել է Ուկրաինայի և Արևմուտքի ուշադրությունը, որոնք Մինսկի գործողությունները համարում են պոտենցիալ նշան առ այն, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է ուղարկել իր բանակը՝ աջակցելու Ռուսաստանի ձախողված ռազմական ջանքերին Ուկրաինայում, հայտնում է Reuters-ը։