Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության․ Արարատ Միրզոյան

Գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության․ Արարատ Միրզոյան
Միջազգային
15:38, 18 октябрь 2022
Այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Նորվեգիայի թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո տեղ ունեցավ նախարարների մամուլի ասուլիսը։ 
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախ ողջունեց Նորվեգիայի իր գործընկերոջ այցը Հայաստան, ապա նշեց, որ այցը տեղի է ունենում հայ-նորվեգական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին։ «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Նորվեգիան հանդիսանում է Եվրոպայի խորհուրդ-Հայաստան 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրերի ամենամեծ կամավոր հատկացում կատարած երկիրը», -նշեց Միրզոյանն ու իր գոհունակությունը հայտնեց Կովիդ-19 համավարակի ընթացքում Նորվեգիայի ցուցաբերած աջակցության համար։ 
Արարատ Միրզոյանը նաև հավելեց, որ գործընկերոջ հետ անդրադարձել են Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ «Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ։ Որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ոորտներ առանձնացրել ենք տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ինչպես նաև՝ թվային կառավարումը», - ասաց Արարատ Միրզոյանը։ Նախարարը նաև ասաց, որ Աննիկեն Հյութֆիլդտի հետ այց են կատարել նաև Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ 
ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ քննարկումների առանցքում եղել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ «Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան - Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Քննարկել ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը։ Մենք գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ։ Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում շեշտել եմ սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը և այս հարցում միջազգային գործընկերների՝ այդ թվում Նորվեգիայի աջակցությունը։ Վերահաստատել եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը», - ասաց Արարատ Միրզոյանը։