Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը ուշադիր հետևում է Անկարայի և Մոսկվայի միջև տնտեսական կապերի աճին. ԱՄՆ ֆիննախ

Վաշինգտոնը ուշադիր հետևում է Անկարայի և Մոսկվայի միջև տնտեսական կապերի աճին. ԱՄՆ ֆիննախ
Միջազգային
14:30, 21 октябрь 2022
ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության ֆինանսավորման և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հարցերով օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգն այս շաբաթ այցելել է Անկարա և Ստամբուլ՝ քննարկելու համար Արևմուտքի կողմից Մոսկվայի դեմ սահմանված «պատժամիջոցներից խուսափելու ռիսկերը»։ 

ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Անկարայի և Մոսկվայի միջև տնտեսական կապերի աճին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնականը Անկարայում և Ստամբուլում հանդիպել է իր թուրք գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսների և արտաքին գործերի նախարարությունների պաշտոնատար անձանց, ինչպես նաև մասնավոր ֆինանսական և կոմերցիոն հատվածի ներկայացուցիչների հետ, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպումների ընթացքում զրուցակիցները «վերահաստատել են սերտ գործընկերության կարևորությունը» Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ռիսկերը վերացնելու գործում՝ կապված պատժամիջոցներից խուսափելու հետ։ 

Թուրքիան ավելի վաղ հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցներին միանալը կվնասի իր՝ առանց այն էլ ճգնաժամից տուժած տնտեսությանը` ընդգծելով, որ երկիրը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու միջնորդական ջանքերի վրա: