Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջոնսոնը փոշմանել է. նա չի առաջադրի իր թեկնածությունը Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում

Ջոնսոնը փոշմանել է. նա չի առաջադրի իր թեկնածությունը Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում
Միջազգային
13:19, 24 октябрь 2022
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ որոշել է չառաջադրել իր թեկնածությունը Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Ջոնսոնը համապատասխան հայտարարությունն արել է մեկ օր անց այն բանից, երբ հասկացրել է, որ կրկին հավակնում է կուսակցության առաջնորդի պաշտոնին։

Հոկտեմբերի 23-ի ուշ գիշերին տարածված հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը, Ջոնսոնը հայտնել է, որ ստացել է Պահպանողական կուսակցությունից խորհրդարանի ավելի քան 100 անդամների աջակցությունը, ինչը նրան հնարավորություն է տվել դնել իր թեկնածությունը: Ջոնսոնի խոսքով՝ թե՛ Պահպանողական կուսակցության ներսում, թե՛ դրանից դուրս շատերն իրեն կոչ են արել մասնակցել ընտրություններին։ 

«Բայց վերջին օրերի ընթացքում ես, ցավոք, եկել եմ այն եզրակացության, որ դա պարզապես սխալ կլիներ: Դուք չեք կարող արդյունավետ կառավարել, եթե չունեք միասնական կուսակցություն խորհրդարանում։ Եվ թեև ես դիմեցի և՛ Ռիշիին, և՛ Փենիին, քանի որ հույս ունեի, որ մենք կարող ենք միավորվել ազգային շահերից ելնելով, մենք, ցավոք, չկարողացանք դա անելու միջոց գտնել»,- հայտարարել է Ջոնսոնը:

Նման իրավիճակում նախկին վարչապետը համարել է, որ ավելի լավ է չառաջադրի իր թեկնածությունը։ 

Ջոնսոնը նաև հաղորդել է, որ ընտրություններում հաղթողը կարող է հույս դնել իր աջակցության վրա: