Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը շահագրգռված է տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան․ Նեդ Փրայս

ԱՄՆ-ը շահագրգռված է տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան․ Նեդ Փրայս
Միջազգային
12:29, 25 октябрь 2022
Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել և շահագրգռված է տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Ընդգծելով, որ Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ լրագրողներից մեկը մասնավորապես հետաքրքրվել է Փրայիս, թե այդ առնչությամբ ի՞նչ մեկնաբանություն ունի։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը պատասխանել է՝ առանձնահատուկ մեկնաբանություն չունի՝ շարունակելով․ - «Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ թուլացնելու երկու երկրների միջև լարվածությունը, ինչպես նաև ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ»։

Իրանը հոկտեմբերի 17-ին լայնածավալ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում, դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։

Ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանի զինված ուժերը Ադրբեջանի հետ սահմանակից այս շրջաններում արդեն երրորդ անգամ են լայնածավալ զորավարժություն անցկացնում։ Վարժանքների նախօրեին պաշտոնական Թեհրանը կրկին պնդել է, թե դրանք պլանային են, և իրականացվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ Լրատվամիջոցները, սակայն, փաստում են, որ վարժանքները սկսվել են հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին։ Զորավարժությունների մեկնարկից օրեր առաջ Իրանի նախագահը Ադրբեջանի առաջնորդին կրկին զգուշացրել էր, որ Թեհրանը չի հանդուրժի պատմական սահմանների և հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն։

azatutyun.am