Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ Պուտինի հրավերը կլինի՞ արդյոք օգտակար խաղաղության հասնելու համար. Նեդ Փրայս

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ Պուտինի հրավերը կլինի՞ արդյոք օգտակար խաղաղության հասնելու համար. Նեդ Փրայս
Միջազգային
12:20, 26 октябрь 2022
Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ուղիղ երկխոսությունը երկկողմ խնդիրների լուծման և ամուր խաղաղության հասնելու բանալին է, լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք հակված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու առաջնորդներին կոչ ենք արել հանդիպել իրենց հարմար ցանկացած ձևաչափով։ Կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Ահա թե ինչու պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հավաքեց Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկեր ԱԳ նախարարներին, նրանք հայտնվեցին նույն սենյակում»,- ասել է Փրայսը: 

Պետդեպի ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ գագաթնաժողովը, որի նախապատրաստման մասին ավելի վաղ հայտարարել էին Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն։ «Վերջին հաշվով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ նախագահ Պուտինի հրավերը կլինի՞ արդյոք օգտակար նրանց համար՝ ձգտելու այդ ամուր խաղաղությանը»,- ասել է Փրայսը։

 Նրա խոսքով՝ չկա ավելի մեծ աջակցություն, քան այն, ինչը ցուցաբերում է ԱՄՆ-ը Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության հարցում։ 

Փրայսը հերքել է նաև Արևմուտքի երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի ինքնագովազդի վերաբերյալ մեղադրանքները ադրբեջանա-հայկական հարցերը կարգավորելիս։ Նրա խոսքով՝ այս հարցում Վաշինգտոնի միակ նպատակն է «օգնել Երևանին և Բաքվին միասին աշխատել՝ հասնելու համար համապարփակ ու ամուր խաղաղության և վերջնարդյունքում փրկելու համար կյանքեր»։